Կանադայում քաղաքացիություն ստանալու դիմումների թվի կտրուկ աճ է գրանցվում

Կանադայում նկատվում է քաղաքացիության ձևակերպման դիմումների թվի կտրուկ աճ․ երկուշաբթի օրվա դրությամբ շուրջ 120 հազար գործ մնում է չքննված։ Ինչպես հայտնել են երկրի ներգաղթի գերատեսչությունից, այս աճը մեծապես պայմանավորված է ԱՄՆ քաղաքացիների՝ Թրամփի վարչակազմի քաղաքականության վերաբերյալ մտահոգությամբ։

«Կանադայի քաղաքացիության վկայական ստանալու դիմումներն ամբողջ աշխարհում սրընթաց աճում են»,- հայտարարել է «Կանադայի ներգաղթ, փախստականներ և քաղաքացիություն» (IRCC) գերատեսչությունն իր պաշտոնական կայքում։- «Դա մեծապես կապված է Միացյալ Նահանգներից ստացվող հազարավոր հարցումների հետ»։

Քաղաքացիության վկայականները ծառայում են որպես կարգավիճակի պաշտոնական հաստատում այն անձանց համար, որոնք ծնվել են Կանադայից դուրս և հավակնում են քաղաքացիության՝ կանադացի ծնողից ծագման հիմքով։

Ամերիկյան հանրային հեռուստառադիոհաղորդման ծառայության (PBS) տվյալներով՝ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Կանադայում ներգաղթի իրավաբանները բառացիորեն ծանրաբեռնված են դիմումներով։ Հաղորդվում է, որ բազմաթիվ դիմողներ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի քաղաքականությունն ու վարչակազմի այլ միջոցառումները նշում են որպես իրենց որոշման վրա ազդած հիմնական գործոններ։

«Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու մարդիկ ներկայում կարող են դիտարկել Նահանգներից հեռանալու հնարավորությունը կամ ապագայում տեղափոխություն ծրագրել»,- նշել է Կանադայի արխիվագետների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մեյբ Քոութս-Դևիսը։

Ըստ Քոութս-Դևիսի՝ արխիվագետները ևս բախվել են հսկայական թվով հարցումների այն մարդկանցից, որոնք փնտրում են ծագումնաբանական գրառումներ՝ Կանադայի քաղաքացիության իրենց իրավունքը հաստատելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *