
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի՝ սփյուռքի վերաբերյալ նախօրեին հնչեցրած հայտարարությունները։
Մանուկյանի խոսքով՝ Եղոյանը իր ելույթում անհարգալից և անընդունելի ձևակերպումներ է օգտագործել հայ ժողովրդի ու ազգային կառույցների հասցեին, որոնք, ըստ նրա, տասնամյակներ շարունակ զբաղվել են Հայաստանի շահերի պաշտպանությամբ։
Եղոյանն իր ելույթում անդրադարձել էր Հայաստանի և սփյուռքի հարաբերությունների վերաբերյալ տարածված տեսակետին, թե դրանցից մեկի հզորացումը նպաստում է նաև մյուսի ուժեղացմանը։ ՔՊ-ական պատգամավորը այդ մոտեցումը «միֆ» էր որակել՝ նշելով, որ սփյուռքի թվաքանակի և ներուժի աճը հիմնականում կարող է պայմանավորված լինել Հայաստանից արտագաղթով կամ սփյուռքի տարբեր համայնքների միջև բնակչության տեղաշարժով։
Նա նաև պնդել էր, որ հայկական գաղթօջախների հզորացումը, որպես կանոն, չի կարող ապահովվել միայն բնական սերնդափոխության հաշվին։
«Ահավոր վատ և շատ գռեհիկ եք արտահայտվել հայ ժողովրդի, ՀՀ շահը տասնամյակներով սպասարկող մեր ազգային կառույցների նկատմամբ»,- ասել է Մանուկյանը: