
Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը պաշտոնական բացատրություն է պահանջել Իրանից Իրաքի Քրդստանի տարածաշրջանի վարչապետ Մասուր Բարզանիի գրասենյակի վրա հարձակման վերաբերյալ:
Այս մասին ասվում է Իրաքի արտգործնախարարության հայտարարության մեջ՝ Ֆուադ Հուսեյնի և նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի միջև հեռախոսազրույցից հետո:
Հաղորդագրության համաձայն, Հուսեյնը միջադեպը անվանել է վտանգավոր նախադեպ, որը կարող է լարվածությունը մեծացնել և սպառնալ տարածաշրջանի կայունությանը: Նա պահանջել է, որ Արաղչին պարզաբանի Իրանի պաշտոնական դիրքորոշումը հարձակման վերաբերյալ:
Իր հերթին, Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, որը վկայում է, որ հարձակումը տեղի է ունեցել Իսլամական Հանրապետության տարածքից:
Իրաքի ԱԳՆ տվյալներով՝ Արաղչին խոստացել է հրապարակել պաշտոնական հայտարարություն, որը կպարզաբանի Իրանի կառավարության դիրքորոշումը միջադեպի վերաբերյալ:
Ավելի վաղ Բարզանին հայտարարել էր, որ իր անձնական գրասենյակը և Անվտանգության և հետախուզության գործակալության ղեկավարի նստավայրը թիրախավորվել են իրանական անօդաչու թռչող սարքերի կողմից: Նա հարձակումը անվանել է վտանգավոր սրացում և Իրաքի Քրդստանի անվտանգությանն ու կայունությանը ուղղակի սպառնալիք: