Վարորդականի քննությունից մարդկանց համատարած կտրում են

Արձանագրվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերման թվի աճ՝ 3231-ով կամ 74.4%-ով: Այս մասին 2026-ի առաջին կիսամյակի ամփոփման մասին տված ասուլիսի ընթացքում ասել է ՆԳՆ Ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը: «2025 թվականին արձանագրվել են այդպիսի 4,343, իսկ 2026-ին 7,574 դեպքեր»,- նշել է Ցուցուլյանը:

Հիշեցնենք` 2026 թվականի առաջին 6 ամիսներին Հայաստանում արձանագրված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 65 դեպքով կամ 0,3 տոկոսով։

Մինչ Ցուցուլյանը փորձում է մեղքը բարդել քաղաքացիների վրա, և մարդկանց օրինազանց ներկայացնել, մենք այս ընթացքում բազմաթիվ դժգոհություններ ենք ստանում վարորդական վկայականներ ստանալու գործընթացի հետ կապված: Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում քաոս է տիրում: Մեզ դիմում են տարբեր քաղաքացիներ, պնդելով, որ դիտավորյալ վարորդականի գործնական քննությունից բոլորին կտրում են: Երբեմն անհարկի հարցեր են տալիս, օրինակ՝ ասում են` դու գրանցված ես Արտաշատում, ինչո՞ւ ես քննությունը Երևանում հանձնում, և այլն: Մի երիտասարդ կին պատմեց, որ քննությունը վերցնողը պնդել է, որ ինքը գունավոր լինզաներ է կրում, այն դեպքում, երբ նրա աչքերի գույնն ուղղակի կապույտ է: Բանն այն է, որ լինզաներով չի թույլատրվում քննություն հանձնել:

Քաղաքացիներն ահազանգում են, որ 7-8 անգամ դիտավորյալ կտրում են քննությունից, որպեսզի մարդիկ գումարներ վճարեն` յուրաքանչյուր քննությունը 40 հազար դրամ: Մարդկանց հերթագրում են, ժամ են նշանակում քննության համար, սակայն նշված ժամից երկու ժամ ուշ են քննությունը սկսում և այլն: Մարդիկ դժգոհում են նաեւ, որ քննություն վերցնողները դիտավորյալ շփոթեցնում են, միտումնավոր սխալ ուղղորդում եւ այստեղ դեռ գործում է ԽԾԲ-ի եւ փողի ինստիտուտը:

ՆԳՆ-ից մեր ներկայացրած իրավիճակը պարզաբանեցին, որ քննության պրոցեսն ավտոմեքենայի մեջ տեսանկարահանվում է, և ոչ մի քաղաքացու չեն կարող առանց հիմքերի քննությունից դուրս թողնել: Բայց մեզ դիմողներն ասում են, որ տեսախցիկները հնարավոր է անջատել, և վերահսկողություն չի իրականացվում:

Հ.Գ Կամո Ցուցուլյանը լավ կանի այս հարցերով զբաղվի, և պարզի, թե ինչու է այսքան բարդացել վարորդական վկայական ստանալը, այլ ոչ թե մեղքը բարդի քաղաքացիների վրա, թե ինչու են առանց վարորդականի մեքենա վարում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *