Կուսակցական պատկանելությունը երբեք չի խանգարել ինձ պաշտպանել մարդու իրավունքները

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարել է, որ իր կուսակցական պատկանելությունը երբևէ չի սահմանափակել մարդու իրավունքների պաշտպանության հարցերում իր դիրքորոշումը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հարթակներում։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ արդեն երկրորդ ժամկետով ԵԱՀԿ-ի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն» հանձնաժողովի անդամ է։

Գալստյանը, անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող իր գործունեությանը, օրինակ է բերել նաև մարտի 1-ի գործով կալանավորված անձանց վերաբերյալ իր քայլերը։ Նրա խոսքով՝ ինքը երաշխավորագիր է ներկայացրել հինգ կալանավորվածների համար՝ չկիսելով նրանց գաղափարական կամ արժեքային մոտեցումները։

Պատգամավորը ընդգծել է, որ այդ հարցում առաջնորդվել է ոչ թե քաղաքական կամ կուսակցական համակրանքներով, այլ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով։

Հիշեցնենք, որ Լիլիթ Գալստյանի թեկնածությունն առաջադրվել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *