Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջեշ Կումար Սինգհի երկօրյա այցի ընթացքում Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության ամրապնդման նոր ուղիներն ու ընդգծել երկու երկրների միջև աճող ռազմավարական գործընկերությունը․ հայտնում է The Times of India-ն։
Ըստ Հնդկաստանի ՊՆ հայտարարության՝ Սինգհը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որի ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ խորացնելու և բարձրացնելու Հնդկաստան-Հայաստան պաշտպանական գործընկերությունը։
Նախարարը նախատեսում է քննարկումներ ունենալ նաև ՀՀ ղեկավարության հետ՝ պաշտպանության և ռազմավարական ոլորտներում երկկողմ համագործակցության ապագա «ճանապարհային քարտեզը» մշակելու համար։
Նրա այցը տեղի է ունենում Նյու Դելիի և Երևանի միջև պաշտպանական կապերի խորացման ֆոնին, որն էլ տեղի է ունեցել այս տարվա սկզբին հայկական բարձրաստիճան ռազմական պատվիրակության՝ Նյու Դելի կատարած այցից հետո։
Հայաստանը դարձել է Հնդկաստանի ռազմական արտադրանքի խոշոր պատվիրատու՝ գրեթե 2 միլիարդ դոլար հատկացնելով հնդկական տեխնիկայի ձեռքբերմանը՝ արդիականացման և անվտանգության դիվերսիֆիկացման ջանքերի շրջանակում։ Հայաստանը դարձել է Pinaka բազմափողանի հրթիռային կայանքների առաջին միջազգային գնորդը։ Երկիրը նաև գնել է հնդկական արտադրության այլ համակարգեր՝ Akash հակաօդային պաշտպանության համակարգեր, Swathi զենքի տեղորոշման ռադարներ, հրետանի և հաուբիցներ, ինչպես նաև հրթիռներ։