Ամեն նիստին ասում էր՝ հայերը պետք է վերադառնան այնտեղ, որտեղից եկել են. հիմա շատ բան է փոխվել. հարցազրույց Գլենդելի առաջին հայ կին քաղաքապետի հետ

NEWS.am-ը Կալիֆոռնիայում այցելել է Միացյալ Նահանգների ամենահայաշատ քաղաքի՝ Գլենդելի քաղաքապետարան և հյուրընկալվել Գլենդելի առաջին հայ կին քաղաքապետ, քաղաքային խորհրդի նորընտիր անդամ Էլեն Ասատրյանին:

Շնորհավորում եմ Ձեզ վերստին քաղաքային խորհրդի անդամ ընտրվելու կապացությամբ: Խնդրում եմ, նախ, հայաստանյան լսարանի համար ներկայացրեք Ձեր քաղաքի կառավարման առանձնահատկությունները։ Ո՞րն է Ձեր՝ որպես քաղաքային խորհրդի անդամի դերակատարումը քաղաքի կյանքում։

Գլենդելն իր կառուցվածքով շատ է տարբերվում Երևանից և Հայաստանում գործող համակարգից։ Նախ և առաջ՝ մենք ընտրում ենք խորհրդի հինգ անդամ։ Ընտրություններն անցկացվում են երկու տարին մեկ․ օրինակ՝ այս անգամ ընտրվեց երեք հոգի, իսկ հաջորդ ընտրությանը կլինեն մյուս երկուսը, որոնք պետք է վերընտրվեն։

Ընտրվելուց հետո և պաշտոնավարման ընթացքում խորհրդի բոլոր անդամները հավասար են, այդ թվում՝ քաղաքապետի հետ։ Գլենդելի քաղաքապետը չունի «ավելորդ» կամ բացառիկ ուժ, ինչպես Երևանում է։ Որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է առնվազն երեք քվե, իսկ հողհատկացման կամ շինարարական որոշակի հարցերում՝ չորս քվե։ Քաղաքապետն այն տարում, երբ ընտրվում է խորհրդի կողմից, դառնում է քաղաքի ներկայացուցիչը (խոսնակը) և վարում է նիստերը։

Կարևոր է նաև նշել, որ քաղաքային խորհուրդն անմիջականորեն չի ղեկավարում աշխատակազմը։ Մենք աշխատանքի ենք ընդունում քաղաքային մենեջերին (City Manager), ով էլ ղեկավարում է քաղաքապետարանի առօրյա աշխատանքն ու ողջ աշխատակազմը։

Իսկ քվեարկությունների ժամանակ հաճա՞խ են լինում անհամաձայնություններ, և հարցերի քննարկումը երկար ձգձգվո՞ւմ է։

Այո՛, բայց կարծում եմ՝ դա ժողովրդավարության լավագույն կողմերից է։ Շատ հարցերի շուրջ կա միասնական դիրքորոշում, բայց եղել են դեպքեր, երբ որևէ հարցի լուծումը տևել է երեք, չորս կամ հինգ տարի՝ մինչև առաջ գնալը։ Դա պատահում է, երբ համաձայնություն չկա, կամ նոր տեղեկատվություն է ի հայտ գալիս։ Երբ հարցը դառնում է չափազանց քաղաքականացված, աշխատանքն առաջ տանելը բավականին դժվարանում է։

Ինչպիսի՞ խոշոր նախաձեռնություններ կան, որոնք պատրաստվում եք իրականացնել այս շրջանում։

Նախաձեռնություններն ամբողջովին նոր չեն, քանի որ վերջին չորս տարիներին պայքարել եմ դրանց համար։ Այստեղ գործընթացները շատ դանդաղ են առաջ գնում, ինչն ինձ համար երբեմն հիասթափեցնող է։ Մինչ ընտրվելը ես ընտրարշավներ էի ղեկավարում․ այնտեղ ամեն ինչ շատ արագ է կատարվում, մինչդեռ քաղաքականության մեջ ամեն ինչ դանդաղ է ընթանում։

Լինելով քաղաքի պատմության մեջ 7-րդ կին քաղաքապետը, առաջին հայ կին քաղաքապետը ու առաջիններից մեկը ներգաղթյալների շարքում, ինձ համար առաջնահերթություն է կանանց և աղջիկների հզորացման ծրագրերի իրականացումը։ Հաճախ ասում են, թե Ամերիկան տարբերվում է այլ երկրներից․ ես համաձայն չեմ։ Պատմությունը ցույց է տալիս, որ այն խտրականությունը, որը կա տարբեր երկրներում, առկա է նաև Ամերիկայում և մեր քաղաքում։

Ինձ համար կարևոր է ոչ թե ուղղակի աթոռ զբաղեցնելը, այլ այն, թե ինչպես ես ներկայանում և ինչ հույս ես տալիս ապագա սերունդների կանանց ու աղջիկներին։ Անցած չորս տարիներին չի եղել մի պահ, որ հեռանամ իմ սկզբունքներից, խոստումներից կամ լռեմ։

Բացի այդ, ինձ համար առանցքային են փոքր բիզնեսների աջակցությունը, տնտեսական զարգացումը, ինչպես նաև քաղաքում զբոսայգիների, կանաչ տարածքների և միջոցառումների կազմակերպումը։ Լինի դա Վարդավառի տոնակատարություն, թե համերգ, դրանք ոչ միայն առողջ համայնք են ձևավորում, այլև աջակցում են փոքր բիզնեսին (մարդիկ գալիս են, սրճում, սնվում են)։ Սա նաև հնարավորություն է ընտանիքների համար՝ առանց լրացուցիչ ֆինանսական բեռի լավ ժամանակ անցկացնելու։

Որքանով տեղյակ եմ, Դուք 10 տարեկանում եք տեղափոխվել ԱՄՆ։ Որպես ներգաղթյալ՝ ինչպիսի՞ դժվարությունների եք բախվել քաղաքական ու հասարակական կյանք մուտք գործելու ճանապարհին։ Հե՞շտ էր ինտեգրվել ամերիկյան միջավայրին։

Երբ հետ եմ նայում, չեմ մտածում, թե դժվար է եղել․ դա թերևս մտածելակերպի հարց է։ Մեր ընտանիքում իրավունք չունեինք ասելու «չենք կարող»։ Հայրս միշտ ասում էր՝ «չկա «չեմ կարող», կա «չգիտեմ ինչպես, որ սովորեմ»»։ ԱՄՆ տեղափոխվելիս անգլերեն չգիտեի, ոչ ոքի չէի ճանաչում, բայց դա խոչընդոտ չեղավ, քանի որ միշտ կար նպատակ, որին պետք էր հասնել։

Անձնական հարթությունում դա իմ մոտեցումն է, բայց եթե խոսենք մեր հայ համայնքի դիրքերի ամրապնդման մասին, դա եղել է երկարատև ու դժվարին պայքար։ Տարիների ընթացքում համայնքն աճել է։ Նրանք, որոնք եկել են վերջին 10 տարիներին, գուցե չեն պատկերացնում, թե որքան է փոխվել քաղաքը։ Այսօր քաղաքապետարանի գրեթե բոլոր բաժիններում և տարբեր պաշտոններում կան հայ աշխատակիցներ։

Ինչպե՞ս է փոխվել քաղաքի դեմքը այս ընթացքում։

Ամեն ինչ սկսվեց 1999 թվականին, երբ Րաֆֆի Մանուկյանն առաջադրեց իր թեկնածությունը։ Մենք հազարավոր հայերի գրանցեցինք քվեարկության համար և առաջին անգամ կարողացանք ընտրել հայ ներկայացուցչի՝ հայկական քվեներով:

Ավելի ուշ, երբ ես Հայ դատի գրասենյակի տնօրենն էի, ստեղծեցինք Հայ քվե ծրագիրը։ Երկու տարում միայն Գլենդելում գրանցեցինք մոտ 50,000 հայ ընտրողի, որպեսզի մեր ձայնը լսելի դառնա ոչ միայն Գլենդելում, այլև Լոս Անջելեսում, նահանգային և ֆեդերալ մակարդակներում։

Երբ 16 տարեկան էի, քաղաքային նիստերին մի կին կար, ով ամեն երեքշաբթի հայտարարում էր, թե «հայերը պետք է վերադառնան այնտեղ, որտեղից եկել են»։ Այսօր իրավիճակը լրիվ այլ է։

Ներգաղթյալ ընտանիքների համար համակարգերն ի սկզբանե հարմարեցված չեն եղել, որպեսզի տեղեկատվությունն ու ծրագրերը հասանելի լինեն։ Իմ առաջնահերթություններից է եղել այն, որ ցանկացած տեղեկատվություն հանրությանը հասցվի առնվազն հինգ լեզվով։ Օրինակ՝ անտառային հրդեհների ժամանակ, երբ քաղաքապետ էի, պահանջեցի, որ բոլոր հայտարարությունները տարածվեն բոլոր լեզուներով, քանի որ դա մարդկանց անվտանգության ու կյանքի հարցն էր։ Գլենդելի բնակչության ավելի քան 54%-ը ծնվել է ԱՄՆ-ից դուրս։

Ներկայումս Գլենդելում որքա՞ն է հայերի թիվը:

Հստակ թիվ ասել հնարավոր չէ, քանի որ ԱՄՆ մարդահամարի ձևաթերթիկներում «հայ» առանձին նշում չկա։ Միշտ ասվել է, որ քաղաքի 40%-ը հայեր են, բայց դա պաշտոնապես հաստատված թիվ չէ։ Ցուցանիշը փոփոխվում է։ Մի կողմից զգացվում է հայ համայնքի մեծ ներկայությունն ու ներդրումը, մյուս կողմից՝ Գլենդելում կյանքի և տների գների թանկացման պատճառով շատ երիտասարդ ընտանիքներ տեղափոխվում են Սան Ֆերնանդո Հովտի այլ քաղաքներ, որտեղ բնակարաններն ավելի մատչելի են։

Ինչո՞ւ է թանկացել կյանքը Գլենդելում։

Երբ քաղաքդ դառնում է ամենաանվտանգներից ու ամենամաքուրներից մեկը, ավելի շատ մարդիկ են ցանկանում ապրել այստեղ։ Պահանջարկը մեծ է, իսկ տների քանակը՝ սահմանափակ։

Վերջին 4 տարիներին քաղաքային խորհուրդը և քաղաքապետարանը պատմական ծավալի մատչելի բնակարաններ են կառուցել։ Ծրագրերից շատերն ուղղված են մեծահասակներին, բայց ես պայքարում եմ, որ դրանցից օգտվեն նաև աշխատող երիտասարդները կամ մասնագետները, որոնք ունեն եկամուտ (օրինակ՝ 50,000-ից 100,000 դոլար), բայց բարձր վարձավճարների պատճառով չեն կարողանում առանձին տուն վարձակալել։ Օրինակ՝ մեր «Պիոներ» նախագիծն ունի 340 բնակարան, որոնցից 92-ը հատկացված է մեծահասակներին, իսկ մնացածը՝ ըստ եկամտի մակարդակի։

Ներգաղթյալները, հատկապես կանայք, բախվում են կրկնակի մարտահրավերների՝ երեխաների խնամքի, աշխատանքի և իրավունքների պաշտպանության հարցերում։ Ինչպիսի՞ ծրագրեր կան նրանց աջակցելու համար։

Մենք մեծ ծրագրեր ունենք ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում։ Դա ինձ համար շատ զգայուն թեմա է։ Խնդիրն ավելի մեծ է, քան պաշտոնական թվերն են ցույց տալիս, քանի որ ներգաղթյալները հաճախ չեն դիմում ոստիկանություն։ Վերջին տարում մեր ոստիկանությունը ստացել է ընտանեկան բռնության 675 ահազանգ, ինչը թեև մտահոգիչ, բայց իրական պատկերի համեմատ փոքր թիվ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում. Զրուցեց Թագուհի Մելքոնյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *