Լրիվ աշխատանքային իրավիճակ է դահլիճում եղել․ Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպի մասին

Լրիվ աշխատանքային իրավիճակ է դահլիճում եղել. ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ մեկնաբանելով այսօր ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը, երբ նրա՝ ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրելուց հետո դահլիճում կրքերը բորբոքվեցին։

«Ես նկատողություն եմ արել պատգամավորին տեղից խոսելու համար, պատգամավորը շարունակել է, ես նորից եմ նկատողություն արել, պատգամավորը նորից է շարունակել, ես այլ կարգապահական միջոց եմ կիրառել` պահանջելով, որ պատգամավորը լքի նիստերի դահլիճը։ Պատգամավորը հայտնել է, որ դահլիճից դուրս կգա, երբ ինքն ուզենա, ինչը խախտում է։ Ամեն ինչ տեղի է ունեցել բացարձակապես «ԱԺ կանոնակարգ» օրենքի սահմաններում, պարկեշտության սահմաններում, մինչև վերջին պահը պարոն Ղազինյանի հետ խոսել եմ Դուք-ով»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորների այն մեղադրանքներին, որ նիստը վարողը զբաղված է մեկնաբանելով՝ նիստը վարելու փոխարեն․ նա ասաց․ «Այդպես չէ, նախ «ԱԺ կանոնակարգ» օրենքով արգելված չէ նիստը վարողին որևիցե պահի արտահայտվել։ Երկրոդը՝ նիստը նախագահողը պարտավորություն ունի ապահովել նիստի բնականոն ընթացքը»։

Հիշեցնենք, որ այս միջադեպից հետո ընդդիմադիր պատգամավորները լքել էին նիստերի դահլիճը։

«Դահլիճը լքեցինք, քանի որ նիստը վարողը փաստացի նիստը վարելու փոխարեն շատ հաճախ զբաղված է մեկնաբանելով»,-ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ վաղը, սակայն, կմասնակցեն ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությանը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *