Պենտագոնը 30 ամերիկյան համալսարանից պահանջել է ստուգել Չինաստանի բուհերի հետ կապերը

Պենտագոնը պահանջել է 30 ամերիկյան համալսարաններից ստուգել համագործակցության ծրագրերը (հատկապես չինական բուհերի և ռազմական ուսումնական հաստատությունների հետ)՝ սպառնալով զրկել դրանք դաշնային ֆինանսավորումից, եթե հրաժարվեն խզել ազգային անվտանգությանը սպառնացող համաձայնագրերը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Համալսարաններին երկու շաբաթ ժամանակ է տրվել աուդիտ անցկացնելու և խնդրահարույց համարվող համագործակցությունը դադարեցնելու համար: Պենտագոնում հայտարարել են, որ այս միջոցառումների նպատակը ամերիկացի հարկատուների ֆինանսավորած հետազոտությունները գողությունից և ապօրինի օգտագործումից պաշտպանելն է:

«Պատերազմի նախարարությունը չի հանդուրժի ակադեմիական այնպիսի գործընկերություններ, որոնք վտանգում են մեր ազգային անվտանգությունը», — հայտարարել է Պենտագոնի գլխավոր տեխնիկական տնօրեն Էմիլ Մայքլը:

Համալսարանների անունները պաշտոնապես չեն հրապարակվում: Այնուամենայնիվ, անանունության պայմանով զրուցած ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ ցուցակում ներառված են Հարվարդի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT) և Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Այս կարգադրությունը հաջորդել է անցյալ ամիս Պենտագոնի հրապարակած օտարերկրյա 130 կազմակերպությունների թարմացված ցուցակին: Գերատեսչության գնահատմամբ՝ դրանց ծավալած գործունեությունը մեծացնում է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող հետազոտությունների և մշակումների արդյունքների ապօրինի յուրացման հավանականությունը:

Ցուցակում ընդգրկված կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը չինական են, այդ թվում՝ Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների համալսարանն ու Չինաստանի ռազմաբժշկական ակադեմիան: Ցանկում ներառվել են նաև Իրանից և Ռուսաստանից մի քանի հաստատություններ:

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը միաժամանակ ուժեղացնում է ամերիկյան համալսարանների վրա հնարավոր օտարերկրյա ազդեցության ստուգումը: Մասնավորապես, ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննում է՝ արդյոք Հարվարդը չինացի դոնորների հաշվին կրթաթոշակներ չի տրամադրում այնպիսի պայմաններով, որոնք բացառում են ամերիկացի ուսանողների մասնակցությունը:

ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը դեմ է արտահայտվել Վաշինգտոնի գործողություններին՝ դրանք անվանելով «բնականոն գիտական, կրթական և ակադեմիական փոխանակման» քաղաքականացում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *