Թեհրանի գործողություններին ի պատասխան՝ Ֆրանսիան երկու իրանցի դիվանագետի է արտաքսել

Ֆրանսիան որոշել է արտաքսել իրանցի երկու դիվանագետների՝ ի պատասխան Թեհրանի դրած արգելքի, որով Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցների թույլ չի տրվում վերադառնալ Իրան: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:

«Ֆրանսիայում գտնվող իրանցի երկու դիվանագետներն առաջիկա օրերին կարտաքսվեն երկրից», — X-ի իր էջում գրել է Բարոն։

Նրա խոսքով՝ սա պատասխան քայլ է ֆրանսիացի դիվանագետների հանդեպ անընդունելի վերաբերմունքին, որոնց հուլիսին իրանական ուժայինները մի քանի ժամով բերման էին ենթարկել ու հարցաքննել։

Ֆրանսիացի պաշտոնյան հայտնել է, որ դիվանագետներից մեկը, որը զբաղեցնում էր մշակութային ատաշեի պաշտոնը, ենթարկվել է ֆիզիկական բռնության։ Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցածը «ահաբեկչական ծայրահեղ լուրջ փորձ է» և դիվանագիտական անձեռնմխելիության կոպիտ խախտում։

Դեռևս հուլիսի 20-ին Բարոն հայտնել էր ֆրանսիացի դիվանագետներին կանգնեցնելու և հարցաքննելու մասին։ Փարիզի պնդմամբ՝ դեսպանատան աշխատակիցները ճնշումների են ենթարկվել Իրանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ շփվելու պատճառով։

Թեհրանը, սակայն, հերքում է դիվանագետների հանդեպ վատ վերաբերմունքի մասին մեղադրանքները։ Իրանական կողմի պնդմամբ՝ նրանց կարճ ժամանակով են հարցաքննել, քանի որ քաղաքացիական հասարակության հետ համագործակցության պատրվակով վերջիններս «միջամտել են Իրանի ներքին գործերին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *