Մինեսոտայի գլխավոր դատախազ Քիթ Էլիսոնը երեքշաբթի օրը դատական հայց է ներկայացրել Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթի դեմ՝ պահանջելով Մինեսոտա արտահանձնել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) աշխատակից Քրիստիան Կաստրոյին, հաղորդում է Associated Press-ը։
Գործակալին մեղադրանք է առաջադրվել հարձակման և հանցագործության մասին ակնհայտ կեղծ հաղորդում տալու համար այն բանից հետո, երբ Մինեապոլիսում ICE-ի իրականացրած գործողության ընթացքում մի տղամարդ էր վիրավորվել:
Էլիսոնը հայտարարել է, որ մտադիր է դիմել դատարան՝ ժամանակավոր արգելք սահմանելու պահանջով, որը թույլ չի տա Տեխասի Քամերոն շրջանի շերիֆին ազատ արձակել Կաստրոյին, ինչպես նաև կպարտավորեցնի Էբոթին ստորագրել նրան հանձնելու օրդերը: Դրանից հետո Մինեսոտայի իրավապահ մարմինների աշխատակիցները կկարողանան մեղադրյալին տեղափոխել նահանգ (դատավարության համար):
Կաստրոն ձերբակալվել է այն բանից 11 օր անց, երբ Մինեապոլիսի դատախազությունը նրան հարձակման և հանցագործության մասին ակնհայտ կեղծ հաղորդում տալու մեղադրանք էր առաջադրել հունվարի 14-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Գործի նյութերի համաձայն՝ Կաստրոն կրակել է Մինեապոլիսի տներից մեկի մուտքի դռան վրա: Գնդակը դիպչել է ներսում գտնվող տղամարդու ոտքին, այնուհետև խրվել մանկասենյակի պատի մեջ: Քննության տվյալներով՝ դրանից հետո գործակալը ակնհայտ կեղծ տեղեկություններ է հայտնել ոստիկանին տեղի ունեցածի մասին:
Էլիսոնի խոսքով՝ եթե Կաստրոն չհանձնվի, նա կարող է ազատ արձակվել բանտից արդեն հաջորդ շաբաթ՝ ձերբակալությունից 90 օր անց: Բացի այդ, գլխավոր դատախազը մտավախություն ունի, որ գտնվելով Մեքսիկային սահմանակից քաղաքում՝ մեղադրյալը կարող է լքել ԱՄՆ-ը:
«Քրիստիան Կաստրոն մեղադրվում է Մինեսոտայի օրենքը խախտելու մեջ: Նա պետք է պատասխանատվության ենթարկվի Մինեսոտայում: Նահանգապետ Էբոթը վաղուց պետք է բավարարեր նահանգապետ [Մինեսոտայի Թիմ] Ուոլցի՝ հանձնման մասին հարցումը և հիմա պարտավոր է անել դա», — հայտարարել է Էլիսոնը:
«Քրիստիան Կաստրոն օրենքից վեր չէ, ինչպես և Գրեգ Էբոթը», — հավելել է գլխավոր դատախազը:
Հենեփին շրջանի դատախազ Մերի Մորիարթին դատական հայցն անվանել է ավելորդ: Նրա խոսքով՝ Տեխասի բանտի աշխատակիցներն ու տեղի դատախազները համագործակցել են Մինեսոտայի իշխանությունների հետ, և Կաստրոյի հանձնումը չպետք է վեճի առարկա դառնար:
Մորիարթին նշել է, որ Կաստրոյի ձերբակալությունից հետո Տեխասն առանց որևէ խնդրի Մինեսոտային է հանձնել նահանգի իշխանությունների հարցումներով անցնող երեք այլ մեղադրյալներին:
Էլիսոնը հայտնել է, որ իր գերատեսչությունը որոշ ժամանակ կապ է պահպանել Էբոթի հետ, այդ թվում՝ վերջերս: Այնուամենայնիվ, նրա խոսքով, Մինեսոտայի իշխանություններն այժմ ստիպված են համակերպվել այն մտքի հետ, որ Տեխասի նահանգապետը հրաժարվում է կատարել հանձնման օրդերը: