Կրակի մեջ՝ հրշեջների փոխարեն․ չինական ռոբոտներն առաջինը կմտնեն վտանգավոր գոտիներ

Չինական DEEP Robotics ընկերությունը ընդլայնում է արտակարգ իրավիճակներում չորսոտանի և անիվաոտ ռոբոտների կիրառումը։ Մեքենաները պետք է առաջինը մտնեն հրդեհների, քիմիական արտահոսքերի, փլուզումների ու ջրածածկ թունելների գոտիներ, որպեսզի տեղեկություններ հավաքեն և նվազեցնեն փրկարարների համար ռիսկը, գրում է Interesting Engineering-ը։

Ընկերությունն այս խնդիրների համար օգտագործում է X30 չորսոտանի ռոբոտը և Lynx M20 անիվավոր հարթակը։ Նրանց հիմնական նպատակը հետախուզությունն է․ ռոբոտները պոտենցիալ վտանգավոր գոտի են ուղարկվում մարդկանցից առաջ, օպերատորներին փոխանցում են տեսանյութեր ու շրջակա միջավայրի վիճակի մասին տվյալներ և օգնում պարզել, թե որքանով է անվտանգ գործողությունը։

X30-ը զինված է երկու սպեկտրալ տիրույթներում աշխատող տեսախցիկով և 3D լիդարով։ Դրանց օգնությամբ ռոբոտը կարող է իրական ժամանակում կազմել տարածքների քարտեզը, հայտնաբերել հնարավոր հրդեհի օջախները և հետևել իրավիճակի փոփոխություններին։

Սարքավորումը զինված է նաև մի քանի վտանգավոր գազերի սենսորներով։ Դրանք ընդունակ են հայտնաբերել շմոլ գազի, ջրածնի ցիանիդի, ծծմբաջրածնի և քլորաջրածնի կոնցենտրացիաները։ Այսպիսով, փրկարարները կարող են տեղեկություններ ստանալ թունավոր մթնոլորտի մասին՝ առանց մարդուն անմիջապես վարակված գոտի ուղարկելու։

Հետախուզությունից հետո ռոբոտները կարող են կատարել նաև այլ առաջադրանքներ։ X30-ը կարող է տեղափոխել սարքավորումներ, այդ թվում՝ հրշեջ խողովակներ, օդի բալոններ և արգելքները բացելու գործիքներ։ Հարթակի վրա կարելի է տեղադրել նաև ջրաշիթային փող, որն ունակ է աշխատել ջրով կամ փրփուրով։ Մատակարարման առավելագույն հեռավորությունը 60 մետր է, իսկ ջրի ծախսը՝ վայրկյանում մինչև 40 լիտր։

Եվս մեկ կարևոր գործառույթ է կապի պահպանումը։ Շենքերում, թունելներում և ստորգետնյա կառույցներում սովորական բջջային կապը կարող է անհետանալ։ Նման դեպքերում ռոբոտները կարող են ստեղծել ինքնակազմակերպվող ցանցային համակարգ և տվյալներ փոխանցել մեքենաների և հրամանատարական կետի միջև։ Սա թույլ է տալիս պահպանել տեսակապն ու տեղեկությունների փոխանակումը նույնիսկ այսպես կոչված «ռադիոստվերային» գոտիներում։

X30-ը նախատեսված է բարդ տեղանքի համար, որտեղ անիվավոր կամ թրթուրավոր մեքենաները կարող են բախվել արգելքների։ Չորս ոտքերը թույլ են տալիս նրան հաղթահարել աստիճանները, փլատակներն ու անհարթ մակերեսները։ Ընկերության տվյալներով՝ ռոբոտն ընդունակ է շարժվել մինչև 45 աստիճան թեքություն ունեցող լանջերով ու աստիճաններով և հաղթահարել մինչև 20 սանտիմետր բարձրությամբ արգելքներ։

Ավելի հարթ տեղանքի համար DEEP Robotics-ն օգտագործում է Lynx M20-ը։ Այն կարող է արագ տեղաշարժվել անիվներով, իսկ արգելքների հայտնվելու դեպքում՝ տարածքն անցնել ոտքերով քայլելու ռեժիմով։

Երկու հարթակներն էլ միանում են ամպային կառավարման համակարգին, որն ապահովում է հեռակա կառավարում, իրական ժամանակում քարտեզագրում, արհեստական բանականության միջոցով օբյեկտների ճանաչում և եռաչափ տվյալների վիզուալիզացիա։ Ստանդարտ ծրագրային ինտերֆեյսների (API) շնորհիվ հավաքագրված տեղեկատվությունը կարելի է ինտեգրել արտակարգ իրավիճակների կառավարման գործող համակարգերում։

DEEP Robotics-ի տվյալներով՝ ռոբոտներն արդեն փորձարկվել են բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման, թունելային արտակարգ պատահարների և վտանգավոր նյութերով սցենարների վարժանքների ժամանակ։ Նման փորձարկումների թվում եղել են քիմիկատների արտահոսքերը, ավտոցիստեռնների բռնկումներն ու կառույցների փլուզման իմիտացիաները։

X30-ն օգտագործվում է նաև փրկարարական գործողություններից դուրս։ Օրինակ՝ ռոբոտներն ուսումնասիրում են էներգետիկ ստորգետնյա թունելները, որտեղ կարող են հայտնաբերել ճաքեր, ջրի արտահոսքեր և պոտենցիալ վտանգավոր այլ վնասվածքներ։

Այսպիսով, մշակողներն աստիճանաբար ռոբոտներին հեռակա հետախույզներից վերածում են փրկարարների ունիվերսալ օգնականների։ Նրանց նպատակը մարդուն լիովին փոխարինելը չէ, այլ նրան առավելություն տալը․ սկզբում վտանգավոր գոտի ուղարկել մեքենային, ստանալ տեղի ունեցողի ամբողջական պատկերը և միայն դրանից հետո որոշում կայացնել մարդկանց ներս ուղարկելու մասին։

Եթե տեխնոլոգիան լայն տարածում ստանա, փրկարարական գործողությունների սովորական սխեման կարող է փոխվել․ առաջինը կրակի, ծխի կամ վարակված թունելի մեջ կմտնի ոչ թե հրշեջը, այլ ռոբոտը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *