Նեանդերթալցիները կապ չունեն. գիտնականները հայտնաբերել են ժամանակակից տղամարդկանց անսպասելի էվոլյուցիոն առանձնահատկությունը

Թել Ավիվի համալսարանի հետազոտողները տղամարդու և կնոջ կոնքոսկրերի միջև տարբերությունների նոր բացատրություն են առաջարկել։ Համեմատելով նեանդերթալցիների կոնքոսկրերը ժամանակակից մարդկանց կոնքերի հետ՝ գիտնականները հանգել են անսպասելի եզրակացության․ էվոլյուցիոն տեսանկյունից արտասովոր է եղել ոչ թե նեանդերթալցու կոնքը, ինչպես նախկինում էր համարվում, այլ ժամանակակից տղամարդունը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։ Աշխատանքին մասնակցել են Իսրայելի և Իսպանիայի մասնագետները, իսկ այն ղեկավարել է Թել Ավիվի համալսարանի պրոֆեսոր Յոել Ռակը։

Գիտնականները համեմատել են տղամարդ-նեանդերթալցիների համարյա ամբողջությամբ պահպանված երկու կոնքը (մեկը՝ Իսրայելի Քեբարա քարանձավից, մյուսը՝ Իսպանիայի Սիմա դե լոս Ուեսոսից) ժամանակակից մարդկանց տասնյակ կոնքերի հետ։

Չնայած նեանդերթալցիների խոշոր մարմնակազմվածքին՝ նրանց կոնքը չափումների ու համամասնությունների մեծ մասով շատ ավելի մոտ է գտնվել ժամանակակից կնոջ կոնքին, քան ժամանակակից տղամարդու կոնքին։

Այս դիտարկումը հետազոտողներին ստիպել է վերանայել մարդու էվոլյուցիայի մասին նախկին պատկերացումները։ Հնարավոր է՝ հենց նեանդերթալցիների և ժամանակակից կանանց կոնքի կառուցվածքն է մեծապես պահպանում անատոմիական հնագույն մոդելը, մինչդեռ տղամարդու կոնքը զգալի փոփոխությունների է ենթարկվել։

Գիտնականներն առանցքային տարբերությունը հայտնաբերել են կոնքազդրային հոդերի դիրքում։ Ժամանակակից տղամարդկանց մոտ դրանք կոնքի օղակի վրա ավելի առաջ են տեղակայված, քան ժամանակակից կանանց և տղամարդ-նեանդերթալցիների մոտ։

Հետազոտողների կարծիքով՝ նման փոփոխությունը ստեղծել է քայլքի բոլորովին այլ կենսամեխանիկական համակարգ։ Ազդրի առջևի մակերեսի մկանները, որոնք ամրացված են կոնքի առջևի հատվածին, շարժման ժամանակ կարող են աշխատել զսպանակի նման․ ամեն քայլի հետ դրանք մեղմում են մարմնի ծանրության կենտրոնի իջեցումը, կուտակում պոտենցիալ էներգիան, իսկ հետո վերադարձնում այն՝ օգնելով բարձրացնել մարմինը հաջորդ քայլի համար։

Այլ կերպ ասած՝ տղամարդու կոնքը կարող է աշխատել միաժամանակ որպես բնական մեղմիչ (ամորտիզատոր) և էներգիայի վերադարձի համակարգ։

Սովորական քայլքի ժամանակ մարդու ծանրության կենտրոնն ամեն քայլափոխի մի փոքր իջնում է։ Մարմինը նորից բարձրացնելու համար օրգանիզմն ստիպված է էներգիա ծախսել։ Կենսամեխանիկական նոր մոդելը ենթադրում է, որ տղամարդու կոնքի հատուկ երկրաչափությունը թույլ է տալիս մասնակիորեն փոխհատուցել այդ ծախսերը․ դեպի ցած շարժման ժամանակ առաջացող էներգիան ժամանակավորապես կուտակվում է, իսկ հետո վերադարձվում քայլի հաջորդ փուլում։

Նման մեխանիզմը կարող էր քայլքը դարձնել ավելի արդյունավետ և մարդուն առավելություն տալ մեծ տարածություններ հաղթահարելիս։

Այնուամենայնիվ, կոնքազդրային հոդերի դիրքի փոփոխությունը պահանջել է նաև այլ անատոմիական վերափոխումներ։ Մասնավորապես, գիտնականները նկատում են ցանքոսկրի հաստացում և կոնքի առջևի հատվածի խորացում, որոնք պետք է դիմանային մեխանիկական նոր ծանրաբեռնվածությանը։

Թե ինչու է նման վերափոխում տեղի ունեցել հենց տղամարդկանց, այլ ոչ թե կանանց մոտ, հետազոտողները կապում են երեխածնության հետ կապված սահմանափակումների հետ։ Կնոջ կոնքը պետք է պահպանի բավականաչափ լայն ծննդաբերական ուղի, ուստի այն չէր կարող լիովին ձեռք բերել ժամանակակից տղամարդու կոնքին բնորոշ կառուցվածքը։

Արդյունքում կնոջ կոնքը պահպանել է հնագույն անատոմիական մոդելի ավելի շատ գծեր։

Այսպիսով, գիտնականներն առաջարկում են շրջել էվոլյուցիայի սովորական պատկերը․ «ինչո՞ւ էր նեանդերթալցիների կոնքն այդքան արտասովոր» հարցի փոխարեն պետք է հարցնել, թե ինչու հենց ժամանակակից տղամարդու կոնքը դարձավ այդքան արտասովոր։

Աշխատանքի հեղինակների կարծիքով՝ տղամարդկանց մոտ ձևավորված մեխանիզմը կարող էր դառնալ կարևոր էվոլյուցիոն հարմարվողականություններից մեկը, որը բարձրացրել է մարդկային քայլքի արդյունավետությունը։ Այն օգնում է նաև բացատրել տղամարդկանց և կանանց միջև անատոմիական տարբերությունների մի մասը։

Հետազոտողները նշում են, որ ստացված արդյունքները կարևոր են նաև էվոլյուցիայի ուսումնասիրման համար։ Մարդու քայլքի մեխանիկայի ընկալումը կարող է օգնել ժամանակակից հետազոտություններին կենսամեխանիկայի, օրթոպեդիայի, վերականգնողական բժշկության և վնասվածքների կանխարգելման ոլորտներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *