ԱՄՆ-ն փոխել է Իրանի նկատմամբ մարտավարությունը․ CNN


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին դադարեցնել բանակցությունները Իրանի հետ, հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ Ըստ նրա տեղեկությունների՝ ԱՄՆ-ն իր քաղաքական դաշնակիցներին տեղեկացրել է մարտավարական փոփոխության մասին. «Իրանին հնարավորինս շուտ ջախջախելու» մոտեցմանը փոխարինելու է եկել ժամանակի ընթացքում նրան «խեղդելու» գաղափարը։

Եթե ​​նախկինում Թրամփը պնդում էր, թե բանակցությունները լավ են ընթանում, և որ նոր գործարքը սարերի հետևում չէ, ապա այժմ նա խոսում է այդ ուղղությամբ դիվանագիտական ​​ջանքերի բացակայության մասին, նշում է CNN-ը։

Հեռուստաընկերության աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփն իր բանակցային թիմին, որի կազմում են իր փեսա Ջարեդ Քուշները, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, հրահանգել է չփոխգործակցել Թեհրանի հետ։

Դոնալդ Թրամփն այս հրահանգը տվել է Թեհրանի անդրդվելի կեցվածքի պատճառով, քանի որ վերջինս հրաժարվում է զիջումների գնալ և կատարել ամերիկյան կողմի պահանջները։ Ըստ CNN-ի աղբյուրների՝ ԱՄՆ նախագահը մտադիր է սառեցնել գործընթացը և սպասել այնքան ժամանակ, մինչև Իսլամական Հանրապետության ղեկավարությունը պատրաստակամություն հայտնի կնքելու Վաշինգտոնի պայմաններին համապատասխանող համաձայնագիր։

Թրամփն ավելի վաղ Truth Social-ում գրել էր, որ ԱՄՆ-ն բանակցություններ չի վարում և չի պլանավորում վարել Իրանի հետ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *