Օգոստոսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել է անչափահաս տղայի մարմին. գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ մահացածը նույն տան բնակիչ, 8-ամյա Կ․ Լ․-ն է։Ահազանգով դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։