Բրազիլիայի հարավում ավտոբուսի և բեռնատարի ճակատային բախման հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել, հայտնում է AFP-ն։
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան մոտ 03:30-ին Պարանա նահանգի Իպիրանգա համայնքում։ Ըստ նախնական տվյալների՝ բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ավտոբուսին։
Զոհվածների մեծ մասը եղել են Իմբիտուվայի համայնքապետարանի առողջապահության վարչությանը պատկանող ավտոբուսում, որը պացիենտներին տեղափոխում էր Կուրիտիբա քաղաքի բժշկական հաստատություններ։ Զոհերի թվում է նաև բեռնատարի վարորդը։
Պատահարից հետո Բրազիլիայի հարավը Սան Պաուլու նահանգին կապող ավտոճանապարհի այդ հատվածը փակ է մնացել, ինչի պատճառով բազմակիլոմետրանոց խցանում է առաջացել։
Սկզբում մայրուղին սպասարկող ընկերությունը հայտնել էր, թե ՃՏՊ-ն տեղի է ունեցել Իմբիտուվայում, որտեղից դուրս էր եկել ավտոբուսը, սակայն ավելի ուշ իշխանությունները ճշգրտել են վայրը՝ նշելով Իպիրանգա համայնքը։ Բեռնատարում գտնվող ուղևորների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։
Բրազիլիայում մարդկային բազմաթիվ զոհերով ավտովթարները հաճախակի բնույթ են կրում։ Փետրվարին երկրի հյուսիս-արևելքում կրոնական փառատոնից վերադարձող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել․ այդ ժամանակ առնվազն 16 մարդ է զոհվել։