Գողություններ, գրաֆիտի և գնացքների վնասում․ վանդալիզմը 34 միլիոն եվրոյի վնաս է հասցրել Գերմանիայի «Deutsche Bahn» երկաթուղային օպերատորին

Նախորդ տարվա ընթացքում իրականացված վանդալիզմի արդյունքում մոտ 34 միլիոն եվրոյի վնաս է հասցվել գերմանական երկաթուղային Deutsche Bahn օպերատորին։ Այդ մասին նշվում է Գերմանիայի տրանսպորտի նախարարության՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) խմբակցության պատգամավորի գրավոր հարցմանը տված պատասխանում, հայտնում է Der Spiegel-ը։

Շուրջ 19,6 միլիոն եվրոն բաժին է ընկել երկաթուղային ենթակառուցվածքների վնասմանը: Եվս 5,5 միլիոն եվրո են կազմել գունավոր մետաղների գողությունից առաջացած կորուստները, իսկ երկաթուղային օբյեկտներից գրաֆիտիների մաքրումը արժեցել է 3,7 միլիոն եվրո: Եվս 6,8 միլիոն եվրո էլ վերագրվել է վանդալիզմի ընդհանուր կատեգորիային:

Deutsche Bahn-ի հեռավոր փոխադրումների հատվածում վանդալիզմի հետևանքների վերացման ծախսերը կազմել են մոտ 2,25 միլիոն եվրո: Տարվա ընթացքում գրանցվել է գրաֆիտի նկարելու 657 և գնացքների վնասման 220 դեպք:

Գրաֆիտիների մեծ մասն արվել է վագոնների արտաքին մակերեսներին: Այլ վնասվածքների թվում են պատուհանների ապակիների քերծվածքները, փակցված կպչուն պիտակները և ինտերիերի տարրերի, այդ թվում՝ նստատեղերի վնասումը:

Տարածաշրջանային երկաթուղային հաղորդակցությունում վանդալիզմի հետևանքների վերացման համար պահանջվել է մոտ 12 միլիոն եվրո: Այս գումարի զգալի մասը նույնպես ծախսվել է գրաֆիտիների մաքրման վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *