Սովորաբար, երբ ասում ես անապատ, պատկերացնում ես ամայի տարածք, որտեղ միայն ավազ է, բայց դա Կուբուչի անապատի մասին չէ:
Չինաստանի Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում գտնվող և մոտ 17.000 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող այս անապատը տասնամյակների համակարգված աշխատանքի շնորհիվ այսօր վերածվել է մեծ օազիսի: Անապատի մոտ 80 տոկոսն արդեն բուսածածկույթի տակ է: Տասնամյակների ընթացքում այստեղ մի քանի հարյուր միլիոն ծառ է տնկվել և այսօր Կուբուչիի 40 տոկոսը անտառ է:
Կուբուչի անապատի տարածքում գտնվող Էնգեբեյի գիտական էկոլոգիական կենտրոնում ցուցադրված են ազգային այս մեծ ծրագրի բոլոր փուլերը, իսկ ցուցադրական ջերմոցում բոլոր այն բուսատեսակները, մրգերն ու բանջարեղենը, որոնք այսօր ստանում են անապատային հողերի մշակումից:
Չինաստանի կառավարությունը դեռևս նախորդ դարի կեսերից է սկսել անապատացման դեմ պայքարը: Դրա արդյունքում այստեղ փոխվել է ամբողջ էկոհամակարգը։ Կուբուչի անապատում բուծում են ոչխարներ, այծեր, խոշոր եղջերավորներ, ուղտեր և ձիեր:
Ավազե տարածքները վերածվել են եգիպտաղցորենի, արևածաղկի, հացահատիկի և այլ մշակաբույսերի հսկայական ցանքատարածության:
Իսկ ընդարձակ ջերմոցներում աճում է բանան, մանգո, պապայա, պոմելո և բազմաթիվ այլ արևադարձային մրգեր:
Այս անհավանական ծրագիրը կյանքի կոչելու համար անապատաում հսկայական ներդրումներ են արվել՝ այդ թվում ջուրը մոտակա Դեղին գետից անապատ ուղղելու համար:
Կուբուչի անապատում է գտնվում նաև աշխարհի ամենամեծ արևային կայանը: Այստեղ տեղադրված է մոտ 4 միլիոն ֆոտովոլտային վահանակ: 2018-ին կառուցված վազող ձիու տեսքով Ջունմա արևային էներգիայի կայանը՝ ավելի քան 196.000 վահանակով, ընդամենը 1 տարի անց համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ որպես ամենամեծ արևային կայանն աշխարհում:
Այսօր էլ Կուբուչիում շարունակվում է անապատացման դեմ պայքարը: Տասնյակ կիլոմտրեր ձգվող ճանապարհի երկայնքով նոր տնկիներ են, իսկ դրանց հետևում տեղ-տեղ մնացած ավազե դաշտերը ցույց են տալիս, թե ինչից է սկսվել Կուբուչիի անհավանական հաջողության պատմությունը:
Նարեկ Խաչատրյան