Իրանը հատուկ նպատակներ ունի Ռուսաստանի հետ

Իրանը ցանկանում է արագացնել Ռուսաստանի հետ համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը իրավիճակի կայունացումից հետո, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Մարտի կեսերին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության ֆոնին հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի իրականացման հարցում հնարավոր դադարի մասին։ Սակայն ավելի ուշ Մոսկվան և Թեհրանը հաստատեցին իրենց տրամադրվածությունը դրանք իրականացնելու համար։ Հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված, չնայած Իրանի և ԱՄՆ-ի միջև ակտիվ ռազմական գործողությունների բացակայությանը։

«Ներկայիս իրավիճակում երկու կողմերի միջև շփումները շարունակվում են, և մեր նպատակն է շարունակել համատեղ նախագծերը և արագացնել դրանց իրականացումը իրավիճակի կայունացումից հետո։ Օրինակ, աշխատանքները շարունակվում են «Բուշեր» ատոմակայանի մասով», – ասել է դեսպանը։

Նրա խոսքով` Իրանը և Ռուսաստանը այժմ բանակցություններ են վարում և գործնական քայլեր են ձեռնարկում մի շարք ենթակառուցվածքային և տնտեսական նախագծերի վերաբերյալ։

Դեսպանը հավելել է, որ դրանցից ամենակարևորը Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագիծն է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում, որի իրականացման պայմանագրի վերաբերյալ կողմերը համաձայնության են եկել, նախատեսվում է դրա ստորագրումը: Նա նաև նշել է, որ կողմերը բանակցություններ են ունեցել էներգետիկ համագործակցության զարգացման, այդ թվում՝ Իրան ռուսական գազի փոխադրման և դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքների վերաբերյալ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *