
Ինչո՞ւ ենք մենք սովորել ապրել վատ միջավայրում…
Վերջերս հաճախ եմ մտածում՝ մարդը ինչքա՞ն արագ է սովորում վատին։
Սկզբում նյարդայնանում ենք։ Հետո բողոքում։ Հետո հոգնում ենք բողոքելուց։ Իսկ վերջում ուղղակի սկսում ենք չնկատել։
Չենք նկատում կոտրված մայթը, որովհետև տարիներով այդպիսին է։ Չենք նկատում օդի փոշին, աղմուկը, ամեն քայլափոխի մեքենաներով փակված մայթերը, գլխավերևում կախված լարերը, ամիսներով փորված փողոցները, քաղաքի տեսքը խեղդող գովազդն ու ցուցանակները։
Ամեն ինչ կամաց-կամաց դառնում է սովորական։
Ու սա, թերևս, ամենավտանգավորն է։
Որովհետև վատ քաղաքային միջավայրը միայն անհարմարություն չէ։ Այն ամեն օր ազդում է մարդու առողջության, տրամադրության, վարքի, նույնիսկ իր քաղաքի նկատմամբ վերաբերմունքի վրա։ Միջավայրը մեզ ձևավորում է շատ ավելի, քան մենք պատկերացնում ենք։
Բայց կա ավելի վատ բան՝ երբ մարդն իջեցնում է իր պահանջները։
Երբ նորմալ մայթն արդեն ձեռքբերում է։
Երբ մաքուր բակը՝ անակնկալ։
Երբ ժամանակին հավաքված աղբի համար շնորհակալ ենք։
Երբ մի փոքր կարգի բերված տարածքը ներկայացվում է որպես մեծ հաջողություն։
Այդ պահին խնդիրը միայն վատ կառավարումը չէ։ Խնդիրն այն է, որ մենք աստիճանաբար սովորում ենք վատ կառավարվող քաղաքին։
Իսկ երբ հանրությունը սովորում է միջակությանը, միջակությունը շատ հեշտ է վաճառել որպես մեծ ձեռքբերում։
Ես չեմ ուզում սովորել։
Չեմ ուզում վատը համարել նորմալ, միջակը՝ լավ, իսկ տարրականը՝ ձեռքբերում։
Քաղաքը մարդու բնակության վայրն է, ոչ թե անվերջ փորձադաշտ։ Այստեղ մարդիկ ապրում են, երեխաներ մեծացնում, ծերանում։ Եվ նրանք իրավունք ունեն ապրել ոչ թե «ինչ կա՝ դա է» սկզբունքով, այլ առողջ, անվտանգ, մաքուր ու արժանապատիվ միջավայրում։
Երևանցին շատ ավելի լավ քաղաքի իրավունք ունի, քանի որ այն գրագետ ճարտարապետների ստեղծած քաղաք էր, որը սիրով խնամում և փայփայում էին։ Հատուկ եմ արխիվների նկարներ դնում մեր սըրելի մայրաքաղաքի օդով և տեսադաշտերով լի անցյալից։ Չեք կարողանում աշխատել, մի վնասեք՝ միայն հազարավոր ծառերի սպանդն ու շինթույլտվությունները և աշխատանքների կատարման որակը բավարար են ձեզ հեռացնելու համար, էլ մնացածից չեմ խոսում։
Լավ քաղաք ունենալու առաջին քայլն էլ՝ վատին չսովորելն է։
Քրիստինա Վարդանյանի էջից