Ես ելույթս սկսել էի տարակուսանքով, պարոն Ֆարմանյանի նման պրոֆեսիոնալին այդ պաշտոնում չընտրելու համար։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 21–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի թեկնածու Լիանա Մանուկյանը։
Դիտարկմանը, որ ի տարբերություն Հայկ Ֆարմանյանի, իր հանդեպ ՔՊ–ական պատգամավորների վերաբերմունքը ավելի դրական է, Մանուկյանն ասաց, որ չի կարող ասել, թե դա ինչով է պայմանավորված. «Մի քիչ սկսում եմ վտանգներ զգալ, իրենք լավ չեն պատկերացնում, որ անձերից չի կախված հանձնաժողովում աշխատանքը։ Հանձնաժողովում աշխատանք իրենից ենթադրում է վերահսկողական ֆունկցիա պետական բյուջեի նկատմամբ, ու անկախ նրանից, ով կլինի մեր ֆրակցիայից, աշխատանքը արվելու է պլյուս-մինուս նույն ձևով։
Որպես հանձնաժողովի նախագահ լինելու եմ այնպիսին, ինչպիսին եղել եմ վերջին տարիների ընթացքում։ Շատ խոսվեց, որ երկար տարիների ֆինանսական թիմեր ղեկավարելու փորձ ունեմ, պլյուս-մինուս նույն կերպ եմ աշխատելու, այդ խստությունը ինքնանպատակ չէ, ավելի շատ պահանջկոտ ու հետևողական, քան խիստ»։
Անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատությանը, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Բնականաբար, քննադատություններ պիտի հնչեն, դա կարծում եմ՝ օրինաչափ է։ Ինչ վերաբերում է ՔՊ–ականների գնահատականներին իմ մասնագիտական գիտելիքներին, թույլ տվեք դրանց շատ վերապահումով մոտենալ։ Ես մասնավոր ընկերություններից եմ եկել ու պարտավոր չեմ իմանալ պետական բյուջեի հազարավոր տողերը, ու մենք ֆինանսների նախարար չենք ընտրում, մենք ընտրում ենք հանձնաժողովը համակարգող մարդ, իսկ ֆինանսական մենեջմենթի փորձ, վստահեցնում եմ ձեզ՝ ես ունեմ»։
Անդրադառնալով նրան, որ իրեն աջակցեց ՔՊ–ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը, Լիանա Մանուկյանն ասաց. «Ես արդեն ասացի, այն ինչ իրենք փորձում են երեկվանից անել, այդ մանիպուլյացիաները ակնհայտ են՝ փորձել թեկնածուներին որակել մեկին ավելի անկեղծ, մյուսին՝ ոչ այնքան անկեղծ։ Դա կարծում եմ իրենց քաղաքական դիրքորոշումները, մեզ հետ ոչ մի կապ չունի, մեր ֆրակցիայում բոլորը նույն սկզբունքները, նույն արժեհամակարգը ունեն։
ինչ վերաբերում է տիկին Ծովինար Վարդանյանի կամ որևէ մեկի աջակցությունը, ես կարծում եմ, ես նման չեմ կնոջ, որը ինչ-որ մեկի աջակցության կարիք ունի, ինքս եմ աջակցում հազարավոր կանանց»։