Նիկոլ Փաշինյանի կառավարման պայմաններում Մոսկվան կարող է կիրառել ընտրովի տնտեսական ճնշում՝ զուգորդված պրագմատիկ փոխգործակցությամբ, գրել է The National Interest-ը։
Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը մտնում է նոր փուլ, որի ընթացքում, դատելով ըստ ամենայնի, Մոսկվան ավելի է հակվում խիստ պատժիչ միջոցների փոխարեն կիրառել կշռադատված տնտեսական և քաղաքական ճնշում։ Այս տեղաշարժն արտացոլում է Կրեմլի այն ըմբռնումը, որ թեև Երևանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է խորացնել փոխգործակցությունն արևմտյան գործընկերների հետ, չափից ավելի ճնշումը կարող է միայն արագացնել Հայաստանի ռազմավարական հեռացումը Ռուսաստանից, այլ ոչ թե շրջել այդ գործընթացը։
Երկկողմ հարաբերությունների կայունացման վերջին փորձը տեղի ունեցավ հուլիսի սկզբին, երբ հայ առաջնորդն այցելեց Ռուսաստան՝ բանակցելու իր ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ։ Ռուսական կողմն ընդգծեց Մոսկվայի ձգտումը՝ վերականգնել բնականոն համագործակցությունը, վստահություն հայտնելով, որ Հայաստանի ներկա կառավարության պայմաններում երկկողմ հարաբերություններն աստիճանաբար կարող են վերադառնալ ավելի կառուցողական ուղի։
Բացի դիվանագիտությունից, Ռուսաստանը վերանայում է քաղաքականության գործիքների ավելի լայն փաթեթ, որը կոչված է պահպանելու իր ազդեցությունը՝ չթույլատրելով լիակատար աշխարհաքաղաքական խզում։ Ռուսաստանը մնում է հայկական արտահանման գլխավոր ուղղությունը։ 2025 թվականին Հայաստանի արտահանման ծավալը Ռուսաստան հասել է մոտ 3 միլիարդ դոլարի, ինչը կազմում է երկրի ընդհանուր արտահանման ավելի քան մեկ երրորդը։ Այսպիսի կախվածությունը Կրեմլին զգալի ազդեցություն է տալիս հայկական տնտեսության մի ամբողջ շարք ոլորտների վրա։
2026 թվականի ընթացքում ռուսական իշխանությունները խստացրել են սահմանափակումները հայկական գյուղատնտեսական արտադրանքի տարբեր տեսակների նկատմամբ։ Սկզբում այդ միջոցները բացատրվում էին սանիտարական պահանջներով և անվտանգության նկատառումներով։ Սահմանափակումների տակ են ընկել լոլիկը, վարունգը, պղպեղը, կանաչին և ելակը, հետո ցանկն ընդլայնվել է՝ ներառելով ձուկ, ծաղիկներ, հանքային ջուր, ալկոհոլային խմիչքներ և այլ գյուղատնտեսական արտադրանք, որն ավանդաբար մատակարարվում էր ռուս սպառողներին։
Այս ընտրովի մոտեցումը, հավանաբար, կպահպանվի։ Լայնածավալ առևտրային էմբարգոների փոխարեն Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կդիմի ներմուծման պարբերական կասեցումների, ավելի մանրակրկիտ մաքսային ստուգումների, վարչական ձգձգումների և Հայաստանին ռուսական շուկա արտոնյալ մուտքը սահմանափակելու կրկնվող սպառնալիքների։ Այսպիսի միջոցները Մոսկվային հնարավորություն են տալիս տնտեսական ճնշում գործադրել՝ միաժամանակ պահպանելով քաղաքական բանակցությունների համար տարածք։
Կրեմլը կարող է նաև ավելի ակտիվ օգտագործել Հայաստանի ևս մեկ խոցելիություն՝ Ռուսաստանում հայկական աշխատանքային միգրացիայի զգալի ծավալը։ Աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումները շարունակում են մնալ հայկական տնային տնտեսությունների եկամուտների և արտարժույթի ներհոսքի կարևոր աղբյուր, ինչը Մոսկվային տալիս է ազդեցության լրացուցիչ լծակ՝ հարաբերությունների հետագա վատթարացման դեպքում։
Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցությունը մնում է Հայաստանի քաղաքականության վրա Ռուսաստանի ազդեցության ամենաարժեքավոր գործիքներից մեկը։ Միավորմանը միանալուց հետո Հայաստանը ստացել է առավելություններ՝ մաքսատուրքից ազատ առևտրի և Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի շուկաներ համեմատաբար ազատ մուտքի տեսքով։ Այս առավելությունները խորապես ինտեգրվել են երկրի տնտեսական մոդելի մեջ։
Միևնույն ժամանակ, Երևանն արագացրել է քաղաքական և տնտեսական փոխգործակցությունը Եվրոպական միության հետ՝ ձգտելով դիվերսիֆիկացնել առևտուրը և ներդրումները՝ պաշտոնապես չհրաժարվելով ԵԱՏՄ անդամակցությունից։ Սակայն նման հավասարակշռությունը պահպանելն ավելի դժվար է դառնում։ Այս մասին են վկայում ռուս պաշտոնյաների հայտարարությունները, որոնք պնդում էին, որ Եվրոպական միության հետ ավելի խոր ինտեգրումը սկզբունքորեն անհամատեղելի է Ռուսաստանի գլխավորած մաքսային և կարգավորիչ համակարգին հետագա մասնակցության հետ։
Այնուամենայնիվ, Մոսկվան դժվար թե ձգտի հասնել Հայաստանի դուրս գալուն ԵԱՏՄ-ից։ Նման քայլը գրեթե անկասկած կարագացներ Հայաստանի տնտեսական ինտեգրումը Եվրոպայի հետ, կամրապնդեր համագործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ և կնպաստեր ամերիկյան ներդրումների աճին՝ տարածաշրջանային տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման նախաձեռնությունների շրջանակում։ Կրեմլի տեսանկյունից Հայաստանի դուրս մղումը կազմակերպությունից կհանգեցներ այն աշխարհաքաղաքական արդյունքին, որից Ռուսաստանը ձգտում է խուսափել։
Ռուս քաղաքական գործիչները նաև հասկանում են, որ ԵԱՏՄ-ն մնում է Հայաստանի տնտեսական կայունության կարևորագույն գործոնը։ Հայ արտահանողներն ազատ մուտք ունեն խոշոր տարածաշրջանային շուկա, մինչդեռ եվրոպական շուկաներ դուրս գալը պահանջում է զգալիորեն ավելի խիստ կարգավորիչ չափանիշների պահպանում։ Բացի այդ, հայկական արտադրանքը կբախվեր եվրոպական արտադրողների ավելի կոշտ մրցակցությանը։ Միաժամանակ, ԵԱՏՄ շրջանակում գործող ընկերությունները շարունակում են Հայաստանում ապահովել ներդրումներ, հարկային մուտքեր և աշխատատեղեր՝ պահպանելով արտադրական և լոգիստիկ շղթաները, որոնք աջակցում են տնտեսության ընդհանուր կայունությանը։
Էներգետիկան՝ որպես ազդեցության լծակ
Էներգետիկան մնում է ռուսական մշտական ազդեցության ևս մեկ կարևոր ոլորտ։ Հայաստան բնական գազի ներմուծման շուրջ 80 տոկոսը շարունակում է բաժին ընկնել Ռուսաստանին, ինչը Մոսկվային գնային քաղաքականության վրա ազդելու զգալի հնարավորություններ է տալիս։
Թեև գազի մատակարարումների լիակատար դադարեցումը մնում է քիչ հավանական, ռուս պաշտոնյաներն արդեն ակնարկել են, որ Հայաստանը կարող է զրկվել գազի արտոնյալ գներից, եթե շարունակի հեռանալ Ռուսաստանի գլխավորած ինտեգրացիոն կառույցներից։ Նույնիսկ գազի արժեքի համեմատաբար փոքր բարձրացումը կարող է լուրջ մակրոտնտեսական հետևանքներ ունենալ։
Էներգակիրների գների աճը կանդրադառնա տնային տնտեսությունների, արդյունաբերության, տրանսպորտի և էլեկտրաէներգիայի արտադրության վրա՝ ուժեղացնելով գնաճային ճնշումը և միաժամանակ նվազեցնելով բնակչության կենսամակարդակը։
Ընտրությունների վրա ազդելու փորձ
Մոսկվայի անցումն ավելի կշռադատված ճնշման հետևեց Հայաստանում քաղաքական իրավիճակի վրա ազդելու զգալիորեն ավելի հավակնոտ փորձին։ Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին Կրեմլը ռեսուրսներ է վերահասցեագրել Երևանի ուղղությամբ աշխատանքի համար։
Ռուսական The Insider պարբերականը հայտնել է, որ նախագահական վարչակազմի ստորաբաժանումներից մեկը ռուսական հատուկ ծառայություններին հանձնարարել էր ազդեցության արշավ իրականացնել՝ ուղղված Փաշինյանի ընտրական հեռանկարները խաթարելուն։ Մայիսին Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննության կազմակերպության (OCCRP) հրապարակած արտահոսած փաստաթղթերը բացահայտում էին այս արշավի տեղեկատվական բաղադրիչը, որով զբաղվում էր Ռուսաստանի Սոցիալական նախագծերի գործակալությունը՝ կապալառու, որն արդեն գտնվում է ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և ԵՄ պատժամիջոցների տակ։
Փաստաթղթերում Ռուսաստանում բնակվող երկքաղաքացիություն ունեցող հայերը դիտարկվում էին որպես ընտրողների պոտենցիալ վճռորոշ խումբ։
Մոսկվայի ենթադրյալ գործիքը պետք է դառնար Սամվել Կարապետյանը՝ հայ-ռուսական միլիարդատերը, որը ձերբակալվել էր 2025 թվականի հունիսին և ավելի ուշ մեղադրվել հանցագործություններ կատարելու մեջ, և որը, գտնվելով կալանքի տակ, հիմնադրել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքը։
Միջազգային լրատվամիջոցներում հայտնված հաղորդումները նաև մատնանշում են արտահոսած տեսագրության գոյությունը, որտեղ, ինչպես պնդվում է, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և նրա որդի Թոմասը քննարկում են Լեռնային Ղարաբաղի հետ կապված ազդեցության գործողություն։ Ըստ այդ հաղորդումների՝ կրտսեր Օկամպոն ասում է, որ «մեզ անհրաժեշտ է հասնել Փաշինյանի հեռացմանը», մինչդեռ ավագը հայտարարում է, որ նույնիսկ կարող էր ազդել Եվրոպական միության քաղաքականության վրա։
Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա հայկական ընտրություններին միջամտելու արշավը դուրս էր գալիս նաև եվրոպական լոբբիստական ալիքներ։
Հայաստանի համար այլընտրանքներ են ի հայտ գալիս
Չնայած ազդեցության զգալի տնտեսական լծակներին՝ Ռուսաստանն այժմ ստիպված է գործել աշխարհաքաղաքական միջավայրում, որն էապես տարբերվում է նախորդ տարիներին գոյություն ունեցածից։ Հայաստանն աստիճանաբար ընդլայնում է իր արտաքին քաղաքական հնարավորությունները։
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շարունակվող ջանքերը և Ադրբեջանի հետ հարաբերությունների զգուշավոր բարելավումը կարող են բացել այլընտրանքային տրանսպորտային միջանցքներ և նոր արտահանման հնարավորություններ հայկական արտադրողների համար՝ դրանով իսկ նվազեցնելով երկրի կախվածությունը ռուսական շուկայից։
Դիտարկվող միտումները հուսադրող են թվում։ Անկարան վերջերս հայտարարել է Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքների մեկնարկի մասին։ Միաժամանակ, Բաքվի և Երևանի հռետորաբանությունը դարձել է ոչ այնքան առճակատող և ավելի է կենտրոնանում համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման վրա։
Առաջ է ընթանում նաև Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) նախագիծը՝ «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Փետրվարին ամերիկյան պատվիրակությունն այցելել էր Երևան և Բաքու։ Հուլիսի 16-ին Երևանը հավանություն տվեց օրինագծին, որը պաշտոնապես ամրագրում է երկրի դերը TRIPP նախագծի իրականացման մեջ։
Եվրոպական միությունը նույնպես ակտիվացրել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման աջակցությունը։ Հունիսին Բրյուսելը հայտարարեց ֆինանսական օգնության և առևտրային միջոցների լայն փաթեթի մասին, որը կոչված է մեղմելու ռուսական առևտրային սահմանափակումների հետևանքները։
Եվրոպացի պաշտոնյաներն առաջարկել են ընդլայնել ԵՄ շուկա մաքսատուրքից ազատ մուտքը հայկական արտահանման զգալի մասի համար՝ միաժամանակ տրամադրելով ֆինանսական աջակցություն արտահանման դիվերսիֆիկացման, սահմանային ենթակառուցվածքների զարգացման և տնտեսական բարեփոխումների իրականացման համար։
Եվրահանձնաժողովը նաև ծրագրում է Հայաստան ուղարկել տեխնիկական առաքելություններ, որոնք կօգնեն տեղական արտադրողներին համապատասխանել եվրոպական կարգավորիչ պահանջներին, բացահայտել նոր առևտրային հնարավորություններ և ընդլայնել հասանելիությունը ԵՄ միասնական շուկային։ Այս նախաձեռնությունները կոչված են արագացնելու Հայաստանի աստիճանական ինտեգրումը եվրոպական մատակարարման շղթաներին։
Ավելի ուշ այս տարի Հայաստանն ու Եվրոպական միությունը, ինչպես սպասվում է, կանցկացնեն նաև բարձր մակարդակի հերթական երկխոսություն՝ գնահատելու Բազմոլորտ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում գրանցված առաջընթացը և որոշելու համագործակցության լրացուցիչ ուղղությունները։
Այսպիսով, Ռուսաստանն ստիպված է ճշտել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Ուղղագիծ տնտեսական և քաղաքական միջոցների փոխարեն Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կպահպանի ավելի զգուշավոր գիծ՝ ձգտելով պահել Հայաստանն իր աշխարհաքաղաքական հասանելիության սահմաններում։
Չափազանց ուժեղ ճնշումը կարող է միայն հանգեցնել այն բանին, որ Հայաստանը էլ ավելի կմոտենա արևմտյան քաղաքական ուղեծրին և ավելի սերտ կկապվի Թուրքիայի տնտեսության հետ։