Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը հրապարակել է տեսանյութ շինհրապարակից, որտեղ, նրա խոսքով, ստեղծվում է համալիր՝ մահապատժի դատապարտված պաղեստինցիների մահապատիժներ իրականացնելու համար, գրել է Guardian-ը։
Տեսանյութում Բեն-Գվիրն այցելում է անհայտ օբյեկտ, որը, ենթադրաբար, գտնվում է բանտի մոտ, ցույց է տալիս ապագա կառույցի հիմքը և հայտարարում, որ հենց այստեղ են «մահապատժի ենթարկելու ահաբեկիչներին»։
Նախարարը նաև հայտնել է, որ տարածքում կհայտնվեն զոհերի հարազատների համար հատուկ տեղեր, որտեղից նրանք կկարողանան դիտել մահապատիժները։
«Ես խոստացել էի խստացնել ահաբեկիչների պահման պայմանները բանտերում՝ մենք դա արեցինք։ Ես խոստացել էի ընդունել ահաբեկիչների համար մահապատժի մասին օրենք՝ մենք դա արեցինք։ Եվ հիմա արդեն իրական ուրվագծեր են ստանում մահապատժի դատապարտվածների խուցն ու կախաղանով մահապատժի համալիրները», — հայտարարել է Բեն-Գվիրը։
Օբյեկտի կառուցումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ այս տարվա սկզբին Իսրայելն ընդունել է մահապատժի մասին նոր օրենք։
Այն նախատեսում է, որ ռազմական դատարանները որոշակի ահաբեկչական հանցագործությունների համար պետք է նշանակեն մահապատիժ՝ որպես միակ պատիժ, եթե միայն դատարանը չսահմանի հատուկ հանգամանքներ, որոնք թույլ կտան այն փոխարինել ցմահ ազատազրկմամբ։
Միևնույն ժամանակ, օրենքը փաստացի չի տարածվում հրեա ծայրահեղականների վրա, որոնք կատարել են նմանատիպ հանցագործություններ։ Համապատասխան դրույթը կիրառվում է միայն սպանության դեպքերում, որոնք կատարվել են «Իսրայել պետության գոյությունը ժխտելու մտադրությամբ»։ Այսպիսով, օրենքի քննադատները պնդում են, որ դրա կիրառությունը հիմնականում ուղղված է պաղեստինցիների դեմ։
Օրենքը Կնեսետի կողմից ընդունվել է 62 կողմ, 48 դեմ ձայներով և առաջացրել է լայն միջազգային քննադատություն։
Amnesty International-ի ավագ ղեկավար Էրիկա Գևարա-Ռոսասը հայտարարել է, որ օրենքը քայքայում է կյանքի կամայական զրկումից պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի կարևորագույն երաշխիքները։
Բեն-Գվիրը վաղուց հայտնի է իր արմատական հայտարարություններով և սադրիչ գործողություններով։ Մայիսին, նշելով իր 50-ամյակը, նա ստացել էր տոնական տորթ, որը զարդարված էր կախաղանի օղակի պատկերով։
Ինքը՝ նախարարը, դատվածություններ ունի ռասիզմի դրդման, ոստիկանի աշխատանքին միջամտելու և ահաբեկչական կազմակերպության՝ արգելված «Կախա» շարժմանն աջակցելու համար։
Բեն-Գվիրը զբաղեցնում է Իսրայելի ազգային անվտանգության նախարարի պաշտոնը 2022 թվականից՝ բացառությամբ անցյալ տարվա երկամսյա ընդմիջումը։
Վերջին ամիսներին նրա նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել Ֆրանսիան և Իռլանդիան՝ լրացնելով անցյալ տարվանից գործող Մեծ Բրիտանիայի սահմանափակումները։
Տեսանյութի հրապարակումից ընդամենը մի քանի օր առաջ նախարարը նաև միջազգային վրդովմունք էր առաջացրել՝ առաջարկելով Գազայում ամեն գիշեր իրականացնել 30–40 նպատակային սպանություն։ «Կարծում եմ՝ մենք պետք է ամեն գիշեր իրականացնենք 30-40 նպատակային վերացում», — ասել է Բեն-Գվիրը՝ հավելելով, որ խոսքը պետք է վերաբերի ոչ միայն անմիջական սպառնալիք ներկայացնող մարդկանց։
Նրա այս հայտարարությունները Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն անվանել է «անընդունելի և անմարդկային», իսկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ միջազգային իրավունքը խախտող։
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Բեն-Գվիրի հայտարարությունները բնութագրել է որպես «սարսափեցնող», «վրդովեցուցիչ», «ապամարդկայնացնող» և «վտանգավոր»։
Մահապատժի ապագա համալիրի մասին տեսանյութի հրապարակումը տեղի է ունեցել Իսրայելի քաղաքականության նկատմամբ միջազգային քննադատության նոր ալիքի ֆոնին։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիան դատապարտել է Երուսաղեմից արևելք գտնվող E1 խոշոր իսրայելական բնակավայրի թաղամասի կառուցման ծրագրերը՝ հայտարարելով, որ այն կարող է փաստացի բաժանել Արևմտյան ափն ու Արևելյան Երուսաղեմը։
Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդն այս ծրագրերն անվանել է «անընդունելի և կործանարար քայլ» և հայտարարել է, որ բնակավայրերի կառուցումը հակասում է միջազգային իրավունքին և վտանգում է երկու պետությունների ստեղծման հեռանկարը։