Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը կոչ է արել Իրանին և Իրաքին մշակել հստակ տնտեսական և առևտրային ճանապարհային քարտեզ, ինչպես նաև անցնել հաշվարկների ազգային արժույթներով, որպեսզի նվազեցնեն ամերիկյան դոլարից կախվածությունը, հաղորդել է Mehr-ը։
Բաղդադում Իրանի դեսպանատանը բիզնեսի իրանցի և իրաքցի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ Ղալիբաֆը հայտարարել է, որ երկու երկրների մասնավոր հատվածը բախվում է ինստիտուցիոնալ խնդիրների։ Նրա խոսքով՝ Բաղդադում հանդիպումից հետո ինքը մտադիր է Թեհրանում խորհրդակցություն անցկացնել Իրանի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ՝ այս հարցերի լուծման առաջնահերթ և գործնական ուղիները որոշելու համար։
Ղալիբաֆի խոսքով՝ Իրաքը կարող էր օգտվել Իրանի սահմանամերձ քաղաքների «խելացի, արդյունավետ և տաղանդավոր» աշխատողների ներուժից։ Դրա համար, ընդգծել է նա, երկու երկրներին անհրաժեշտ է լիարժեք տնտեսական և առևտրային ռազմավարություն։
Խոսելով ռազմական դիմակայության մասին՝ Իրանի խորհրդարանի նախագահը մերժել է այն մեղադրանքները, թե Թեհրանը ձգտում է պատերազմի։ «Մենք երբեք չենք ձգտել պատերազմի։ Բայց որպես մուսուլմաններ՝ մենք հավատում ենք իսլամական ումմայի սկզբունքին. մենք ոչ ոքի թույլ չենք տա ոտնահարել մեր արժանապատվությունն ու պատիվը։ Մենք պատրաստ ենք զոհաբերել հարստությունն ու կյանքը՝ դրանք պաշտպանելու համար», — հայտարարել է Ղալիբաֆը։
Նա հավելել է, որ «ոչ ոք խաղաղությունն ավելի չի գնահատում, քան նրանք, ովքեր պատերազմել են»։ Նրա խոսքով՝ դիվանագիտությունը կարևոր է և կարող է առաջ շարժվել միայն այն ժամանակ, երբ դրա հետևում կանգնած է պատերազմի պատրաստակամությունը։
Ղալիբաֆը նշել է, որ Իրանը և Իրաքը գրեթե կես դար գտնվել են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում, իսկ երբեմն՝ միաժամանակ «պատերազմի և խաղաղության» մեջ։ Նրա կարծիքով՝ անկայունության պատճառը եղել է օտար ուժերի ձգտումը՝ վերահսկել տարածաշրջանի մարդկային, բնական և աշխարհաքաղաքական ռեսուրսները։
Խոսնակը նաև մատնանշել է Հորմուզի նեղուցի, Պարսից ծոցի, Բաբ էլ-Մանդեբի նեղուցի և Սուեզի ջրանցքի ռազմավարական նշանակությունը։ Նրա խոսքով՝ համաշխարհային ծովային փոխադրումների մոտ 75 տոկոսը բաժին է ընկնում մուսուլմանական երկրների կողմից վերահսկվող տարածքներին։ «Թշնամին եկել է թալանելու մեր ռեսուրսներն ու հումքը», — հայտարարել է նա։
Ղալիբաֆը հատուկ ուշադրություն է դարձրել Իրանի և Իրաքի միջև առևտրում դոլարից հրաժարվելուն՝ հայտարարելով, որ ամերիկյան գերիշխանության դարաշրջանն ավարտին է մոտեցել։
«Ամերիկացիներն ու իսրայելցիները հասկացան, որ չեն կարող ռազմական ճանապարհով հաղթել Իրանին և Իրաքին, ուստի անցան կոգնիտիվ և տնտեսական պատերազմի, և հիմա դուք եք այս դաշտում զինվորներն ու հրամանատարները», — ասել է նա՝ դիմելով բիզնեսի ներկայացուցիչներին։
Միաժամանակ, Ղալիբաֆն ընդգծել է, որ ռազմական հզորությունն ինքնին չի երաշխավորում պետության կայունությունը։ «Կարևոր չէ, թե որքան մեծ է մեր ռազմական հզորությունը. եթե մարդիկ սոված են, իսկ մենք չունենք ֆինանսական շրջանառություն, տնտեսական աճ և ազգային արտադրություն, մենք չենք գոյատևի», — հայտարարել է խոսնակը։
Նրա խոսքով՝ անվտանգությունն ու տնտեսությունը «մեկ մարմնի երկու թևերն են»։ Ներդրումները պահանջում են անվտանգություն, սակայն անվտանգությունն ինքն էլ չի կարող կայուն լինել առանց տնտեսական հիմքի։
Ղալիբաֆը նաև Իրանից և Իրաքից դեպի Միջերկրական ծով տանող երթուղին, որն անցնում է այսպես կոչված «դիմադրության առանցքի» երկրների միջով, անվանել է «մեր աշխարհաքաղաքական տարածքի սիրտը» և ուժի ու անկախության առանցքային գործոններից մեկը։
Հանդիպման ընթացքում Իրանի և Իրաքի մասնավոր հատվածի ութ ներկայացուցիչներ բարձրացրել են բանկային կարգավորման, օրենսդրության և մաքսային հարցեր։ Նրանք նաև առաջարկել են ստեղծել համատեղ արդյունաբերական գոտիներ, հատկապես Իրանի սահմանամերձ քաղաքներում, երկկողմ առևտրում դոլարից հրաժարվել՝ հօգուտ իրաքյան դինարի և իրանական ռիալի, ընդլայնել մասնավոր հատվածի մասնակցությունը պատերազմից տուժած շրջանների վերականգնմանը և ուժեղացնել պետության աջակցությունը անդրսահմանային բիզնեսին։