Պատգամավոր․ «Քաղաքացիական պայմանագիրը» բառերի հավաքածու ունի, որոնց միջոցով նրա ներկայացուցիչները փորձում են ազդել մարդկանց ենթագիտակցության վրա

Ինձ համար մեծագույն պատիվ է արժանանալ այն քաղաքական ուժի բացասական վերաբերմունքին, որը մեր գլխին բերեց երեք պատերազմ, Հայաստանի պետական պարտքն ավելացրեց 8 միլիարդ դոլարով և երկիրն ամբողջությամբ գլորեց անդունդ։ Այս մասին օգոստոսի 21-ին Ազգային ժողովի նիստում, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտնել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

Նա, մասնավորապես, անդրադարձավ այն փաստին, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը չի աջակցել իր թեկնածությանը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, որին նա առաջադրվել էր «Ուժեղ Հայաստանի» կողմից։

«Քաղաքացիական պայմանագիրը» բառերի մի հավաքածու ունի, որոնց միջոցով նրա ներկայացուցիչները փորձում են ազդել մարդկանց ենթագիտակցության վրա՝ «թալան», «կոռուպցիա», «մարտի 1», «նախկիններ» և այլն։ Հիշեցի հայտնի անեկդոտը․ «Իսկապես ուրիշ որևէ հերոսի անուն չգիտե՞ք»։ Անվերջ այս թեզերը կրկնելը մեր ժողովրդի բանականության համար մեծ վիրավորանք է», – ասել է Ֆարմանյանը։

Նա նաև կոչ է արել իշխող խմբակցության պատգամավորներին մեկ հստակ նախադասությամբ ձևակերպել, թե, ի վերջո, կոնկրետ ինչում են իրեն մեղադրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *