
Չնայած ամառվա շոգ եղանակին եւ արձակուրդային սեզոնին, Վրաստանում քաղաքական կրքեր են եռում։ Այս անգամ պատճառը վրացի քաղաքական գործիչ Նիկոլոզ Գարամիան է, կարճ՝ Նիկա Գվարամիան։ Նա տեղի Formula հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ հարկավոր է, որ Վրաստանը «հաղթահարի աբխազական տրավման» եւ նորովի նայի հին հիմնահարցին։ Գվարամիան ընդդիմադիր քաղաքական գործիչ է։ Ու այս հարցազրույցը բազմաթիվ քննարկումների առիթ է տվել։
Նշենք, որ Գվարամիան Աբխազական ԽՍՀ-ում է ծնվել, 1976 թվականին։ Աբխազական հակամարտության տարիներին նա ընտանիքի հետ ստիպված է եղել հեռանալ Աբխազիայից։ Գվարամիայի հարցազրույցում կարելի է որսալ մեսիջներ, որ իր կյանքի մեծ մասն ապրել է Թբիլիսիում եւ ոչ թե Աբխազիայում։ Ու հիմա՝ ամենից ինտրիգայինը. վրացի քաղաքական գործիչն իր ժողովրդին ու երկրին առաջարկում է նորովի նայել աբխազական խնդրին ու հաղթահարել աբխազական տրավման՝ օրինակ վերցնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Գվարամիան կարծում է, որ Փաշինյանը կարողացել է Հայաստանն ազատագրել ազգային տրավմաներից, դարձնել ազատ երկիր, ձերբազատել Հայաստանի ժողովրդին «ղարաբաղյան մեծապետականությունից»։ Մեզ՝ հայաստանցիներիս համար այս տեսակետները, մեծ հաշվով, անհեթեթություն են։ Նախ, որ Արցախի հանձնումը, պատերազմում պարտությունը, ազգային հիշողության հանդեպ բարբարոսական վերաբերմունքը, մեղմ ասած, չես կարող համարել ազատագրում ազգային տրավմաներից կամ ազատ երկրի կառուցում։ Ինձ, օրինակ, հետաքրքիր կլիներ, թե Գվարամիան ինչպես կարձագանքեր, եթե Վրաստանում սկսվեր արշավ ներկայիս Շիո պատրիարքի կամ նախկին` Իլյա պատրիարքի դեմ, կամ փորձ արվեր նսեմացնել վրաց եկեղեցուն կամ Սուրբ Նինոյի խաչը՝ եթե պատկերավոր ասենք։ Մխիթարականն այն է, որ պարզվում է` Վրաստանում Գվարամիան մեծամասնության տեսակետի արտահայտողը չէ։ Վրաստանում սկսված բուռն հանրային քննարկումներում Գվարամիային անվանել են կապիտուլյանտության քարոզիչ։ Քննադատություններն այնքան սուր են եղել, որ Փաշինյանին «գուրու» դարձրած վրաց քաղաքական գործիչը ստիպված է եղել հավելյալ բացատրություններ տալ․ ասել, որ Աբխազիան ու Արցախը նույն բանը չի համարում եւ Փաշինյանին համարում է հաջողված պետության ղեկավար, քանի որ Հայաստանը դուրս է բերել Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Այստեղ էլ Գվարամիան խորամանկել է, մեղմ ասած։ Վրացական հասարակության ներսում եղած հակառուսականության հաշվին փորձել է իր հանդեպ քննադատությունների եւ թիրախավորումների ալիքը մեղմել։ Ընդամենը։ Իսկ այն, որ Հայաստանը «հաջող» կերպով դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության գոտուց, մեղմ ասած, կես-ճշմարտություն է։ Վկան հայկական ապրանքների հանդեպ սահմանված ռուսական սանկցիաներն են ու դրա թողած հետեւանքները Հայաստանի տնտեսության վրա։