1960 թվականին ավստրալիացի ֆիզիկոս Հայնց ֆոն Ֆյորստերն ու նրա գործընկերները հոդված են հրապարակել աշխարհի վերջի մասին։ Հոդվածում նշվում է, որ ապոկալիպսիսը կանխատեսվում է 2026 թվականի նոյեմբերի 13-ին։ Գիտնականներն ուսումնասիրել են մոտ 2000 տարվա ընթացքում երկրագնդի բնակչության վերաբերյալ կատարված 24 ուսումնասիրություններն ու նկատել, որ աճն, ըստ ամենայնի, արագանում է, գրում է Daily Mail-ը։
Տվյալները ցույց են տվել, որ եթե նախկինում մոլորակի բնակչության կրկնապատկման համար դարեր են պահանջվել, ապա այժմ յուրաքանչյուր հաջորդ արագացումը տեղի է ունենում էապես ավելի կարճ ժամկետում։ Ֆյորստերը կարծում է, որ միտումը պահպանվելու դեպքում կրկնապատկումների միջև ընկած ժամանակահատվածն ի վերջո կհասնի զրոյի, փոխանցում է Focus-ը։ Պարզ ասած՝ մարդկությունը ձգտում է դեպի անսահմանություն, ինչը մաթեմատիկորեն անհնարին ավարտ է, ուստի դրա արդյունքում կարող է վրա հասնել աշխարհի վերջը։
Հեղինակները նշում են, որ իրենց եզրահանգումները չեն նշանակում, թե աշխարհը բառացիորեն կվերանա, սակայն կա մի կետ, որտեղ պատմական միտման շարունակությունը կարող է հանգեցնել իրականության մեջ անհնարին արդյունքի։ Ֆյորստերն ու գործընկերները կարծում են, որ իրենց ծոռները չեն մեռնի սովից, այլ, ըստ էության, «ուղղակի կխեղդվեն»։
Բարի լուրն այն է, որ ժամանակակից ժողովրդագիրները հավանական չեն համարում այս կանխատեսումը, քանի որ Երկրի բնակչության աճի տեմպերը 1960-ականներից ի վեր կտրուկ դանդաղել են։ Սա խախտել է Ֆյորստերի և նրա թիմի կարծիքի հիման վրա սահմանված օրինաչափությունը։
Ֆիզիկոսների «Դատաստանի օր. ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թվական» հոդվածում նշվում է, որ եթե այդ պահի դրությամբ Երկրի բնակչության թիվը ձգտի անսահմանության, ապա այս ամսաթիվը կդառնա մարդկության աշխարհի վերջը։ Նշենք, որ հոդվածը հրապարակվել է 1960 թվականին, երբ մոլորակի վրա ապրել է 3 միլիարդից մի փոքր ավելի մարդ։ Այսօր այդ թիվը, ինչպես հայտնի է, կազմում է շուրջ 8,2 միլիարդ։
Այնուամենայնիվ, ժամանակակից հետազոտողները նկատում են, որ 2026 թվականի դրությամբ աշխարհի բնակչության տարեկան աճի տեմպը 1963 թվականի գագաթնակետային մոտ 2,2%-ից իջել է մինչև շուրջ 0,84%-ի։ Պարզ ասած՝ նվազումը կազմել է 62%: Համեմատության համար՝ 1960-ականների տեմպերի դեպքում բնակչությունը կարող է կրկնապատկվել մոտավորապես 32 տարին մեկ։ Այսօրվա տեմպերով կրկնապատկման համար կարող է շուրջ 83 տարի պահանջվել։
Այսպես թե այնպես, Ֆյորստերի և նրա գործընկերների մատնանշած աշխարհի վերջի ամսաթիվը մոտենում է, ուստի 60 տարվա վաղեմության հետազոտությունը կրկին ակտիվորեն քննարկվում է սոցիալական ցանցերում։