Գերմանական Գյոթինգեն քաղաքում քարից և կարմիր աղյուսից կառուցված մի փոքրիկ ծխական եկեղեցի կա։ Եկեղեցու ներսում գտնվող խաչի վրա փորագրված է արձանագրություն, որտեղ որդին ողբում է հոր՝ Հերմանի կորուստը, ով խեղդվել է 1342 թվականի ջրհեղեղի ժամանակ։ «Մագդալենայի ջրհեղեղ» անունով այս մահաբեր աղետը դարձել է վերջին 1000 տարվա ընթացքում Եվրոպային պատուհասած խոշորագույն տարերային աղետներից մեկը։
Չնայած ավերածություններին՝ ջրհեղեղի մասին պատմական արձանագրությունները սակավաթիվ են։ Գյոթինգենյան խաչի արձանագրությունը միակ հայտնի տեքստն է, որտեղ նշվում է զոհի անունը։ Այժմ, արխիվների ուսումնասիրության բազմամյա աշխատանքից հետո, հետազոտողները ներկայացնում են այդ դարաշրջանի աղետալի եղանակային երևույթների շատ ավելի ամբողջական և էլ ավելի ավերիչ պատկերը։ Nature ամսագրում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները հայտնում են 1341 թվականի վերջից մինչև 1343 թվականն ընկած հատվածում Եվրոպան ավերած մոտ 16 հաջորդական ջրհեղեղների ապացույցների մասին․ սա վերջին 700 տարվա ընթացքում փաստագրված հաջորդական ջրհեղեղների ամենամեծ քանակն է։
«Սա ջրհեղեղների մասշտաբային ցիկլ է»,- ասում է Օհայոյի համալսարանի պատմաբան-էկոլոգ Էլեն Արնոլդը, ով չի մասնակցել հետազոտությանը։ «Սա շատ նման է նրան, որ վերջին 20 տարվա 5 ծայրահեղ ջրհեղեղները տեղի են ունեցել ընդամենը երկու տարվա ընթացքում»։
Հաջորդական ջրհեղեղները հատկապես ավերիչ կլինեին միջնադարյան Եվրոպայի համար, փոխանցում է Planet Today-ը։ Շատ քաղաքներ ու գյուղեր մեծապես կախված էին գետերից՝ տրանսպորտի, առևտրի և ջրաղացների համար։ Ջրհեղեղները հազարավոր մարդկանց կյանքեր կխլեին, իսկ ավելի շատերը կմահանային սննդի պակասից ու հիվանդություններից։ Շենքերն ու տները ավերվել էին, ճանապարհները՝ քանդվել։ «Սա հարվածում է քաղաքների հիմնական ենթակառուցվածքներին»,- ասում է Արնոլդը։ Այս իրադարձություններին շուտով հաջորդեց «Սև մահը» անվանումով ավերիչ ժանտախտը, որը միլիոնավոր կյանքեր խլեց Եվրոպայում։
«1340-ականներին ապրելն ինքնին մի տեսակ անհաջողություն էր»,- ասում է հետազոտության համահեղինակ, Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի Լայբնիցի ինստիտուտի միջնադարագետ-պատմաբան Մարտին Բաուխը։
Այդ դեպքում ինչո՞ւ են այս ջրհեղեղների մասին հիշատակումներն այդքան սակավաթիվ։ Բաուխն ասում է, որ այդ ժամանակաշրջանի կրոնական առաջնորդները խոշոր ջրհեղեղները հաճախ ներկայացնում էին որպես Աստծո պատիժ։ Եկեղեցական փաստաթղթերը, որոնցում հիշատակվում են այս աղետները, սովորաբար վերաբերում են աստվածաբանությանն ու ապաշխարությանը, այլ ո՛չ վնասի կոնկրետ մանրամասներին կամ նույնիսկ ամսաթվերին, նշում է նա։
Արդյունքում հետազոտության գլխավոր հեղինակ, Վիեննայի տեխնիկական համալսարանի աշխարհագրագետ և միջնադարագետ-պատմաբան Անդրեա Կիսը «անհամար ժամեր» է անցկացրել միջնադարյան արխիվներում՝ ջրհեղեղների մասին ցանկացած հիշատակում գտնելու համար։ Ուսումնասիրելով ավելի քան 1000 աղբյուրները՝ նա հասկացել է, որ նկարագրություններից և ոչ մեկը չի մատնանշում 1342 թվականին տեղի ունեցած ջրհեղեղը։
Քանի որ մինչ օրս «Մագդալենայի ջրհեղեղից» բացի այլ իրադարձություններ արձանագրված չէին, պատմաբանները ծայրահեղ եղանակային երևույթների կամ ջրհեղեղների մասին պատմությունները հաճախ վերագրում էին հենց Մագդալենային՝ նույնիսկ այն դեպքերում, երբ ամսաթվերը չէին համընկնում, ասում է Կիսը։ Վերադառնալով եկեղեցական տեքստերից, իրավական փաստաթղթերից և նույնիսկ անձնական հուշագրերից քաղված վկայություններին, հետազոտողները կարողացան ջրհեղեղների տարբեր նկարագրությունները համադրել եղանակային օրագրերի հետ։ Այս արձանագրությունները մեկտեղելու համար թիմը համեմատեց այդ իրադարձությունները ամբողջ Եվրոպայում ավելի ուշ գրանցված ջրհեղեղների հետ։
Կիսի աշխատանքը մեկնարկել է Հունգարիայից, որտեղ առավել մանրամասն վարչական արձանագրությունները թույլ են տվել կարճ ժամանակահատվածում տեղի ունեցած բազմաթիվ ջրհեղեղների պատկեր կազմել։ «Ես վստահ էի, որ այն, ինչ տեղի էր ունեցել Հունգարիայում, պետք է որ տեղի ունեցած լիներ նաև ողջ Եվրոպայում»։
1342 թվականի փետրվարին հետազոտողները Դանուբի երկայնքով տեղի ունեցած ջրհեղեղի ապացույցներ են գտել՝ Մագդալենայի վարարումից ամիսներ առաջ, որին հաջորդել են Հյուսիսային Իտալիայում և Միջերկրական ծովի ավազանում ամառային և աշնանային ջրհեղեղները, և դրանք ընդամենը մի քանի օրինակներ են։
Բաուխի խոսքով՝ ջրհեղեղների այս շարքն օգնում է նաև ավելի լավ բացատրել 1343 թվականից հետո նկատվող փոփոխությունները։ Մինչ այդ ջրհեղեղների կանխարգելումը չէր համարվում պետության պարտականությունը։ Սակայն այս շրջանում բեկում է տեղի ունենում․ իշխանությունները միայն կրոնական արարողություններ անցկացնելուց անցնում են ներքին պատնեշների և ջրահեռացման ալիքների կառուցմանը։
Այս աշխատանքն օգնում է լույս սփռել կլիմայական փոփոխությունների այն փուլի վրա, որը հանգեցրել է Փոքր սառցադաշտային շրջանի մեկնարկին։ Այն բնութագրվում է ծայրահեղ եղանակային պայմաններով, ինչպիսիք են բարձր ինտենսիվության ցիկլոնների ավելացումը, հրաբուխների ժայթքումները և Արկտիկայի ծովային սառույցի փոփոխությունները։ Այս բոլոր պայմանները կարող էին հանգեցնել ուժեղ ջրհեղեղների շարքին, պնդում է Կիսը։
Անցյալի ջրհեղեղների մասին առավել ճշգրիտ պատկերացումը կարող է օգնել բարելավել կլիմայի ընթացիկ և ապագա մոդելավորումը, ինչպես նաև բարձրացնել ջրհեղեղների ռիսկերի կառավարման արդյունավետությունը, ասում է Պավիայի IUSS հեռանկարային հետազոտությունների համալսարանական դպրոցի հիդրոլոգ Ֆրանչեսկո Դոտորին, ով չի մասնակցել հետազոտությանը։ Ակնկալվում է, որ Եվրոպայում ջրհեղեղների ռիսկը կաճի կլիմայի տաքացմանը զուգընթաց։ Նրա խոսքով՝ հոդվածը լույս է սփռում այն բանի վրա, թե ինչ տեսք կարող է ունենալ դեպի նոր կլիմա անցման այս շրջանը։
«Սա թույլ է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչպես են ի հայտ գալիս այս չափազանց ծայրահեղ և չափազանց հազվադեպ իրադարձությունները»,- նշում է Կիսը։