ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսել է ՄԱԿ-ին 725 մլն դոլար փոխանցելու ընթացակարգը՝ չնայած միջազգային կազմակերպություններին ամերիկյան ֆինանսավորման կտրուկ կրճատմանը։ Այս մասին վկայում է ԱՄՆ Պետքարտուղարության՝ օգոստոսի 4-ի ծանուցումը Կոնգրեսին, որին ծանոթացել է Reuters գործակալությունը։
Ակնկալվում է, որ միջոցները կփոխանցվեն մինչև հաջորդ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թրամփի ելույթը։
Թրամփի վարչակազմի այս որոշման պատճառներն առայժմ անհայտ են։ Վաշինգտոնը նախկինում բազմիցս քննադատել էր ՄԱԿ-ին՝ հայտարարելով, որ կազմակերպությունը չի իրագործում իր ներուժը, իսկ Թրամփի վարչակազմը զգալիորեն կրճատել էր ՄԱԿ-ի համակարգի բազմաթիվ կառույցների ֆինանսավորումը և դուրս եկել մի շարք միջազգային կազմակերպություններից։
Միաժամանակ ՄԱԿ-ը ծանր ֆինանսական ճգնաժամ է ապրում։ Այս տարի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել էր, որ անդամ պետությունների կողմից անդամավճարների չվճարման պատճառով ՄԱԿ-ը բախվել է «ֆինանսական փլուզման անմիջական սպառնալիքի»։ Այս ֆոնին կազմակերպությունն արդեն ստիպված է եղել էապես կրճատել ծախսերը։
Ենթադրվող 725 մլն դոլարը կազմում է ՄԱԿ-ի՝ մայիսին ԱՄՆ-ի պարտք անվանած գումարի 20%-ից էլ պակասը։ Այն ժամանակ կազմակերպությունը հայտնում էր, որ Վաշինգտոնն իրեն պարտք է ավելի քան 4 մլրդ դոլար։ Սակայն ԱՄՆ-ը այդ գումարը զգալիորեն ավելի ցածր է համարում և պնդում է, որ արդեն փոխանցել է միջոցների մի մասը։
ՄԱԿ-ի նախկին աշխատակից Յուջին Չենը Reuters-ին ասել է, որ նման փոխանցումը կազմակերպությանը որոշ ժամանակ թույլ կտա վճարել աշխատավարձերը, թեև միջոցները կարող են բավարար չլինել ծախսերը ամբողջությամբ փակելու համար։
«Սա նավին թույլ կտա դեռ մի փոքր էլ ջրի վրա մնալ», — ասել է նա։
Ըստ Չենի, եթե ԱՄՆ-ն լրացուցիչ վճարումներ չկատարի, հունվարին այն կարող է զրկվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից։ ՄԱԿ-ի կանոնադրության 19-րդ հոդվածի համաձայն, պետությունը կորցնում է ձայնի իրավունքը, եթե նրա պարտքի չափը գերազանցում է երկու ամբողջ տարվա անդամավճարների չափը, թեև որոշ դեպքերում նախատեսված է արտոնյալ ժամկետ։
Գերմանական IDOS ինստիտուտի՝ ՄԱԿ-ի ֆինանսների հարցերով փորձագետ Ռոնի Պացի կարծիքով, ԱՄՆ-ի կողմից այժմ կատարված նշանակալի վճարումը կազմակերպությանը թույլ կտար խուսափել ծախսերի հետագա անհապաղ կրճատումից։
«Եթե նրանք վճարեն մեծ գումար, ՄԱԿ-ը դեռևս կաշխատի առանց որևէ պահուստի, բայց կկարողանա դիմանալ մինչև տարեվերջ», — հայտարարել է նա։ Ըստ նրա, առանց այդ գումարի կազմակերպությունը կարող է տարվա վերջին ամիսներին բախվել աշխատավարձերի վճարման և իր գործունեության ֆինանսավորման լուրջ խնդիրների։
ԱՄՆ-ն մնում է ՄԱԿ-ի ֆինանսավորման ամենախոշոր աղբյուրը։ Սակայն Թրամփի վարչակազմը հրաժարվել է կազմակերպության կանոնավոր և խաղաղապահ բյուջեներ ուղղվող մի շարք պարտադիր վճարումներից, ինչպես նաև կրճատել է ՄԱԿ-ի առանձին գործակալությունների կամավոր ֆինանսավորումը։
ՄԱԿ-ի տվյալներով, օգոստոսի 18-ի դրությամբ 193 անդամ պետություններից 129-ը տարվա համար իրենց անդամավճարներն ամբողջությամբ վճարել են։ Դեռ ամբողջությամբ իրենց պարտավորությունները չմարած երկրների թվում է նաև Չինաստանը՝ ԱՄՆ-ից հետո երկրորդ ամենախոշոր վճարողը։
Օգոստոսի 4-ի ծանուցման մեջ Պետքարտուղարությունը Կոնգրեսին հայտնել է, որ ԱՄՆ-ն 725 մլն դոլարը հատկացնում է ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեի համար։
Վաշինգտոնի ընդհանուր պարտքը, ըստ ՄԱԿ-ի մայիսի տվյալների, ներառում էր մոտ 2,04 մլրդ դոլար կանոնավոր բյուջեի գծով, 2,2 մլրդ դոլար ընթացիկ և նախորդ խաղաղապահ գործողությունների գծով, ինչպես նաև 44 մլն դոլար՝ տրիբունալների ֆինանսավորման համար։
Բացի այդ, ԱՄՆ-ն պահում է մոտ 153,4 մլն դոլար, որոնք Վաշինգտոնը անվանում է «քաղաքական պատճառներով պահումներ»։ Այս գումարի մեջ, մասնավորապես, ներառված են 10,6 մլն դոլար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի համար, որից ԱՄՆ-ն դուրս էր եկել անցյալ տարի՝ մեղադրելով այն Իսրայելի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի մեջ, ինչպես նաև միջոցներ՝ Պաղեստինցի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության համար։
Ֆինանսական խնդիրների ֆոնին ՄԱԿ-ն իրականացնում է UN80 լայնածավալ բարեփոխումը, որը նախատեսում է ծախսերի կրճատում և կազմակերպության աշխատանքի օպտիմալացում։ 2026 թվականին ՄԱԿ-ի բյուջեն արդեն կրճատվել է 9,2%-ով, իսկ ավելի քան 2 հազար աշխատատեղեր թանկ քաղաքներից, ինչպիսիք են Ժնևն ու Նյու Յորքը, տեղափոխվել են ավելի էժան կենտրոններ։