ՊՆ․ Իրանը պատերազմից հետո կրկնապատկել է սպառազինության արտադրությունը և մտադիր է այն եռապատկել

Իրանը վերջին մեկ տարվա ընթացքում կրկնապատկել է սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրությունը և այժմ ծրագրում է դրա ծավալները եռապատկել։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ռեզա Թալաեի-Նիկը, հայտնում է Mehr-ը։

Ըստ նրա, 12-օրյա պատերազմից հետո արտադրությունը կրկնապատկվել է, իսկ սպառազինության առանձին ռազմավարական տեսակների թողարկումը, որոնց հակամարտության ընթացքում առաջնահերթություն էր տրվել, աճել է ավելի քան երեք անգամ։

«Մենք օգտագործում ենք մեր սեփական սարքավորումները և միաժամանակ շարունակում ենք արտադրությունը։ Արտադրության, տարիներով ձևավորված ռազմավարական պահուստների և լայն ցանցի շրջանակում ամենօրյա անխափան թողարկման այս համադրությունը պաշտպանական արդյունաբերությանը բարձր հնարավորություններ է ապահովել», — պետական հեռուստատեսության եթերում ասել է Թալաեի-Նիկը։

Նա նշել է, որ արտադրության աճը դարձել է պատասխան պատժամիջոցներին և ուղղված է պաշտպանական արդյունաբերության ինքնուրույնության հետագա ամրապնդմանը։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ասել է, որ դա նաև հակասում է ԱՄՆ-ի և Իսրայելի այն հայտարարություններին, թե իբր իրանական ռազմական արտադրությունը կկանգնեցվի։

Իրանի պաշտպանական արտադրական շղթայում այժմ ընդգրկված են ավելի քան 9 հազար մասնավոր և գիտատեխնոլոգիական ընկերություններ՝ մոտ 20%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Վերջին մեկ տարվա ընթացքում հետազոտական նախագծերի 76%-ը հասցվել է պատրաստի արտադրանքի ստեղծման փուլին։

Թալաեի-Նիկը նաև հայտարարել է, որ իրանական սպառազինության որոշ տեսակներ արտադրվում են արտասահմանյան համարժեքներից 10–20 անգամ ավելի էժան։

Ըստ նրա, Իրանն այսօր արտադրում է ժամանակակից համակարգերի և սպառազինության ավելի քան 1 հազար տեսակ, մինչդեռ Իսլամական հեղափոխությունից առաջ երկիրը արտադրում էր ռազմական արտադրանքի ընդամենը 31 հիմնական տեսակ։

Գեներալ Թալաեի-Նիկի պնդմամբ, Իրանը հրթիռային ներուժով մտնում է երկրների առաջին տասնյակի մեջ և անօդաչու սարքերի ոլորտում առաջատար պետություններից մեկն է։

Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ որոշ նոր համակարգերի մասին տեղեկությունը դիտավորյալ հրապարակայնորեն չի բացահայտվում՝ ռազմական գաղտնիքները պահպանելու և հակառակորդի համար անակնկալ ապահովելու նպատակով։

Միևնույն ժամանակ, ստ նրա, հրամանատարությունը ստանում է ամբողջական տեղեկություն բալիստիկ և թևավոր հրթիռների, անօդաչու սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության ու արդիականացման մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *