Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կարող է գլխավորել Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ) 2027 թվականին, հաղորդում է շվեյցարական NZZ թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով, այս շաբաթ Ժնևի մերձակայքում կայացած ՀՏՖ խորհրդի նիստում Լագարդին անվանել են կազմակերպության նախագահի պաշտոնի «ենթադրյալ թեկնածու», իսկ այդ կազմակերպությունն ամեն տարի Դավոսում անցկացնում է քաղաքական և բիզնես առաջնորդների հանդիպում։ Ինչպես նշում է NZZ-ն, Լագարդն ինքն էլ հայտարարել է, որ պատրաստ է զբաղեցնել այդ պաշտոնը։
Լագարդն արդեն մի քանի ժամկետ է, ինչ ՀՏՖ խորհրդի անդամ է։ Թերթի տվյալներով, իր թեկնածության առաջադրումից հետո նա շնորհակալություն է հայտնել 28 անդամից բաղկացած խորհրդի անդամներին ցուցաբերած վստահության համար։
Ներկայումս ՀՏՖ խորհուրդը որպես համանախագահներ գլխավորում են Roche-ի փոխնախագահ Անդրե Հոֆմաննը և BlackRock-ի ղեկավար Լարի Ֆինկը։ Նրանք ղեկավարում են կազմակերպությունը անցումային շրջանում՝ դրա հիմնադիր Կլաուս Շվաբի հեռանալուց հետո, որը լքել էր պաշտոնն անցյալ տարի։
Միևնույն ժամանակ, Լագարդի հնարավոր նշանակման հստակ ժամկետները դեռևս որոշված չեն։ NZZ-ի տվյալներով, միակ պայմանավորվածությունն այն էր, որ Ֆինկն ու Հոֆմաննը պետք է ղեկավարեն ՀՏՖ-ի Դավոսի ամենամյա հանդիպումը 2027 թվականի հունվարին։
Սինգապուրի նախագահ Թարման Շանմուգարատնամը նիստում հայտարարել է, որ Ֆինկի և Հոֆմաննի հաջորդների հարցը պետք է լուծվի կազմակերպության ներսում, քանի որ համապատասխան թեկնածուներ արդեն կան։
Լագարդի՝ ԵԿԲ նախագահի պաշտոնում լիազորությունների ժամկետը ավարտվում է 2027 թվականի հոկտեմբերի վերջին։ Անցյալ տարի նա հայտարարել էր, որ մտադիր է ամբողջությամբ աշխատել իր ութամյա ժամկետը, սակայն դրանից հետո հաղորդումներ հայտնվեցին, որ նա կարող է վաղաժամ հեռանալ՝ ՀՏՖ-ը ղեկավարելու համար։