Մեքսիկական նահանգի նահանգապետը, որին ԱՄՆ-ն մեղադրում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ, կրկին հրաժարական է տվել

Մեքսիկայի Սինալոա նահանգի նահանգապետ Ռուբեն Ռոչա Մոյան, որին ԱՄՆ-ն մեղադրում է թմրակարտելի հետ դավադրության մեջ, պաշտոնին վերադառնալուց մեկ օր էլ չանցած խնդրել է իրեն անորոշ ժամկետով արձակուրդ տրամադրել, գրում է CBS News-ը։

Ուրբաթ օրը Ռոչա Մոյան X սոցիալական ցանցում հայտարարել էր, որ վերադառնում է նահանգապետի պարտականությունների կատարմանը։ Նա ժամանակավորապես հեռացել էր աշխատանքից մայիսին՝ մեքսիկացի դատախազների քննության ֆոնին։

Սակայն արդեն շաբաթ օրը նահանգապետը նահանգի կոնգրեսին փաստաթուղթ է ուղարկել՝ խնդրելով թույլատրել իրեն ժամանակավորապես բացակայել աշխատանքից 30 օրից ավելի անորոշ ժամկետով։

Նրա վերադարձը պաշտոնին նախօրեին քննադատության էր արժանացել Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի կողմից, որը նահանգապետին անունով չէր նշել, սակայն հայտարարել էր, որ անձնական շահերը չեն կարող երկրի բնակիչների շահերից վեր լինել։

«Իշխանությունն առանց սկզբունքների վերածվում է գոռոզամտության, իշխանությունն առանց սահմանափակումների՝ չարաշահման», — գրել է Շեյնբաումը X-ում։

Ապրիլին ԱՄՆ արդարադատության նախարարությունը Ռոչա Մոյային և իշխող «Մորենա» կուսակցության ևս ինը ներկայացուցիչների մեղադրանք էր առաջադրել՝ Սինալոայի թմրակարտելի հետ ենթադրյալ համագործակցության համար՝ ԱՄՆ թմրամիջոցներ մատակարարելու նպատակով։ Վաշինգտոնը պահանջել էր նրանց արտահանձնումը։ Սա առաջին դեպքն էր, երբ ԱՄՆ-ն հրապարակայնորեն մեղադրանք առաջադրեց գործող մեքսիկացի քաղաքական գործչի նկատմամբ։

Ռոչա Մոյան հերքում է մեղադրանքները։ Ուրբաթ օրը նա հայտարարել էր, որ հանցագործություններ չի կատարել և «մաքուր խղճով և գլուխը բարձր» վերադառնում է աշխատանքի։

77-ամյա Ռոչա Մոյան Սինալոայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։ Նա համարվում է Շեյնբաումի դաշնակիցը և նրա քաղաքական մենթորի՝ նախկին նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի մերձավոր համախոհը։

Ամերիկյան իշխանությունները նահանգապետին, մասնավորապես, մեղադրում են թմրամիջոցներ երկիր ներմուծելու նպատակով դավադրության, գնդացիրների և պայթուցիկ սարքերի ապօրինի պահպանման մեջ։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է ցմահ ազատազրկում կամ պարտադիր նվազագույնը 40 տարվա պատիժ։

Սինալոան մեքսիկական վեց թմրակարտելներից մեկն է, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճանաչել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *