«Չորրորդ Հանրապետությունը» հիմնադրված է, այն իրականություն է․ ԱԺ-ում Կառավարության 5-ամյա ծրագիրը ներկայացնելիս ասել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն իր ելույթի սկզբում նշել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության օգտին։
«Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է Հայաստանի Հանրապետության գործառույթային նշանակությունը։ 1990 թվականին Հայաստանի անկախության հռչակման հիմքում դրված էր այն փիլիսոփայությունը, թե պետությունը մեզ հարկավոր է պատմական արդարությունը վերականգնելու համար, և այս ընկալումն արտահայտվել էր Ղարաբաղյան շարժմամբ։ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության գործառնական միակ նշանակությունն իր միջազգայնորեն ճանաչված 29․743 քառակուսի կիլոմետր տարածքում իր քաղաքացիների համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն ապահովելն է, քաղաքացիների երջանկության համար միջավայր ստեղծելը, ժողովրդի ինքնությունը պահպանելը և զարգացնելը։ Հենց այսպիսի պետության և տեսլականի օգտին են քվեարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2026 թվականի հունիսի 7-ին»,- ասել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսների ընթացքում․ «Եվ, ինչպես ասել եմ, 1990 թվականի Անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի»։