Ազգային ժողովում այսօր քննարկվում է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը: Ըստ վարչապետի՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության գործառութային միակ նշանակությունը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում իր քաղաքացիների համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն և բարեկեցություն ապահովելն է, քաղաքացիների երջանկության համար միջավայր, էկոհամակարգ ստեղծելը, ժողովրդի ինքնությունը պահպանելը և զարգացնելը։
«Հենց այսպիսի պետության ու տեսլականի օգտին են քվեարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2026 թվականի հունիսի 7-ին, և այս տեսլականն է, որ անվանում ենք Չորրորդ Հանրապետություն։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Վարչապետը խոսել է նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունից։ Ըստ նրա՝ նոր սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր Հայաստանյան օրակարգ է։ ՀՀ քաղաքացիները, քվեարկելով ՔՊ-ի օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«1990 թ. Անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի: Մի պարզ պատճառով՝ մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության և որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը, և ժողովուրդը այդ որոշումը հաստատել է: Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, իսկ սա անել չենք կարող առավելևս 2026 թվականի ընտրություններից հետո, որտեղ մեր ժողովուրդը քվեարկել է խաղաղության օգտին»,- հայտարարել է Փաշինյանը: