Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախության ռազմավարություն․ Կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով հատկապես արևային էներգետիկայի զարգացումը։
Նրա խոսքով՝ Հայաստանում արևային էներգիայի արտադրության հզորությունները 2018 թվականից ի վեր էականորեն աճել են։ Ըստ նրա՝ Հայաստանում արևային էներգետիկայի հզորությունը նախկին 16 մեգավատտից հասել է շուրջ 1200-1213 մեգավատտի։
Նրա խոսքով՝ գործընթացի հետագա զարգացման համար Հայաստանում նախատեսվում է էլեկտրաէներգիայի կուտակիչների համակարգի ստեղծում։ Դրանք պետք է հնարավորություն տան ցերեկային ժամերին արտադրված արևային էներգիան կուտակել և գիշերն օգտագործել։ Կառավարությունը նախատեսում է մինչև 2031 թվականը ունենալ առնվազն 800 մեգավատտ կուտակիչ կայանների հզորություն։
«Ես ուզում եմ նաև շատ հստակ հայտարարել, որ Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն։ Սխալ չլսեցիք՝ էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն»,- հայտարարեց Փաշինյանը։
Միաժամանակ նա անդրադարձավ Հայաստանի ատոմային էներգիայի ապագային։ Նրա խոսքով՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի՝ ում հետ և ինչ ատոմակայան է կառուցելու, քանի որ գործող ատոմակայանի ռեսուրսը, ըստ նախատեսված ժամկետի, սպառվում է 2036 թվականին։ Փաշինյանը, սակայն, չբացառեց նաև գործող ատոմակայանի շահագործման ժամկետի ևս մի երկարաձգման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ զարգացող տեխնոլոգիաները կարող են հնարավորություն տալ 2036 թվականից հետո ևս մեկ անգամ երկարացնել ատոմակայանի շահագործման ժամկետը։ Այդ հարցի շուրջ, ըստ նրա, արդեն քննարկումներ են ընթանում հնարավոր գործընկերների հետ։ Միաժամանակ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պետք է ուսումնասիրի էլեկտրաէներգիայի արտադրության բոլոր հնարավորությունները՝ գեոթերմալ տեխնոլոգիաներից մինչև կանաչ ջրածին։