Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն Արամայիս Ավետիսյանին 22 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայնով ընտրել է Հիմնադրամի գործադիր տնօրեն։

Հոգաբարձուների խորհրդի 29 անդամներից նիստին մասնակցել է 24-ը։ Արամայիս Ավետիսյանը գործադիր տնօրենի պարտականությունները ստանձնում է 2026 թվականի օգոստոսի 24-ից։

Հիմնադրամի հրապարակած հաղորդագրության մեջ ասվում է, որ խորհրդին ներկայացված իր տեսլականում Ավետիսյանն առանձնացրել է Հիմնադրամի զարգացման հիմնական ուղղությունները՝ կազմակերպական կարողությունների ամրապնդում և գործառնական արդյունավետության բարձրացում, վստահության, հաշվետվողականության և թափանցիկության նոր մշակույթի ձևավորում, անցում արձագանքային գործունեությունից դեպի երկարաժամկետ ռազմավարական պլանավորում՝ պահպանելով Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդումը որպես Հիմնադրամի առանցքային առաքելություն։

Արամայիս Ավետիսյանը տնտեսագետ և կառավարման մասնագետ է շուրջ 13 տարվա մասնագիտական փորձով պետական, մասնավոր և հասարակական ոլորտներում։ Նրա մասնագիտական փորձն ընդգրկում է կազմակերպությունների կառավարում և ինստիտուցիոնալ զարգացում, ռազմավարական պլանավորում, հանրային քաղաքականություն, շահառուների հետ աշխատանք, դրամահավաք և հաղորդակցություն։ 2022 թվականից նա զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնը։

Ավետիսյանը բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում միջազգային տնտեսական հարաբերությունների մասնագիտությամբ։ Մասնավոր հատվածում աշխատել է «ՎԵՈՆ Արմենիա», «Տավուշ Տեքստիլ» և «Ականաթ» ընկերություններում։ 2018 թվականին համահիմնադրել է «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունը և մինչև 2022 թվականը զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոնը։ Ավետիսյանն ամուսնացած է։ Պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։

2025 թվականից Ավետիսյանը ներգրավված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերում։ Նա համակարգել է 2025 թվականի «Հայրենիք և հավերժություն» համահայկական դրամահավաք-արշավը։ Արշավի արդյունքում հավաքագրվել է շուրջ 17 մլն ԱՄՆ դոլար, ինչը մոտ 30%-ով գերազանցել է վերջին տարիների միջին ցուցանիշը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին՝ Հայաստանի և Սփյուռքի ներուժը Հայաստանի զարգացման և ամրապնդման շուրջ համախմբելու նպատակով։ Ավելի քան երեք տասնամյակ Հիմնադրամն իրականացնում է ենթակառուցվածքային, կրթական, առողջապահական, սոցիալական և զարգացման այլ ծրագրեր՝ ծառայելով որպես Հայաստան–Սփյուռք համագործակցության համահայկական հարթակ։ Հիմնադրամը նաև համախմբել է համահայկական ներուժը՝ հումանիտար ճգնաժամերին և այլ հրատապ մարտահրավերներին արձագանքելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *