Երաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչ


Աշխարհ


Անոմալ շոգի և շաբաթներ տևած երաշտի հետևանքները Գերմանիայի տնտեսության համար կարժենան առնվազն 36 միլիարդ եվրո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին զեկույցում նշել է Greenpeace բնապահպանական կազմակերպությունը:

«Բերքի կորուստները, անտառային հրդեհները և առողջապահության ծախսերը, որոնց պատճառը 2026 թվականի ամռան արտակարգ շոգն է և երաշտը, միայն Գերմանիայում հանգեցրել են առնվազն 36 միլիարդ եվրոյի տնտեսական վնասի: Դա համապատասխանում է Գերմանիայի ՀՆԱ-ի գրեթե 1%-ին», – հայտնել է կազմակերպությունը:

Ընդ որում, նշվում է, որ հաշվարկները ներառում են, մասնավորապես, տրանսպորտի, առողջապահության, անտառտնտեսության և գյուղատնտեսության ոլորտներում վնասի գնահատումները, ինչպես նաև աշխատանքի արտադրողականության և կրթության ոլորտի կորուստները շոգի պատճառով:

Շաբաթներ տևած երաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչ: Ներքին նավագնացությունը ստիպված որոշ տեղերում դադարեցվել է ջրասակավության պատճառով: Տուժել են ամենից առաջ այն ճյուղերը, որոնք կախված են հումքի և կիսաֆաբրիկատների մեծ ծավալներից՝ քիմիական, պողպատաձուլական, նավթավերամշակման ճյուղերը: Փորձագետների գնահատումներով՝ շոգի պատճառով կորստի են մատնվել տասնյակ միլիոնավոր աշխատանքային ժամեր:

Առավելագույն վնասը, ինչպես պարզաբանել են Greenpeace-ում, բաժին է ընկնում աշխատանքի ոլորտին. արտակարգ շոգի 25 օրվա հաշվարկներով դրա հետ կապված կորուստները և արտադրողականության անկումը կազմում են 10,8 միլիարդ եվրո: Այնուհետև հաջորդում են անտառտնտեսությանը հասցված վնասը (գնահատվում է 5-7,5 միլիարդ եվրո) և տնտեսական կորուստները հիվանդության և առողջական խնդիրների պատճառով աշխատանքից  բացակայությունների պատճառով (6,9 միլիարդ եվրո): Գյուղատնտեսությունը և ներքին նավագնացության ոլորտը նույնպես լրջորեն տուժել են:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *