Ժամանակն է, որ Թրամփը բախվի իրականությանը. Հորմուզի նեղուցը չի դառնա ո՛չ ԱՄՆ-ի տարածք, ո՛չ էլ ամբողջությամբ ազատ․ NYT

Երբ նախագահ Դոնալդ Թրամփը չի սպառնում Հորմուզի նեղուցը վերածել ԱՄՆ տարածքի, նրա վարչակազմը պահանջում է դրան վերադարձնել ազատ միջազգային ծովային ուղու կարգավիճակը, որը կենսական նշանակություն ունի ողջ աշխարհում նավթի մատակարարման համար։ Նախագահը պետք է առերեսվի իրականությանը․ ոչ մեկը, ոչ մյուսը չի լինելու։ Նեղուցը պետք է բացվի, նույնիսկ եթե դա նշանակում է, որ Իրանը սկսելու է վճար գանձել նավերի անցման համար, գրում է New York Times-ը։

ԱՄՆ-ի համար նման ելքը պարտություն կլինի, բայց այս փուլում սա հնարավոր տարբերակներից ամենաանվտանգն է։

Իրանի հետ պատերազմը ցույց տվեց երկու բան․ Իրանն ի վիճակի չէ լիովին փակել Հորմուզի նեղուցը, իսկ ԱՄՆ-ն ի վիճակի չէ այն լիովին բացել։ Չնայած ամիսներ տևած ամերիկյան ռմբակոծություններին ու հրթիռային հարվածներին՝ Թեհրանն ապացուցեց, որ դեռ կարող է խոչընդոտել նեղուցով իրականացվող շարժին, որով փետրվարին Իրանի վրա ամերիկյան հարձակումից առաջ անցնում էր համաշխարհային նավթի մատակարարումների մոտ մեկ հինգերորդ մասը։

Հորմուզը մոտ 90 մղոն երկարությամբ, պայտաձև նեղուց է։ Այն հնարավորություն է տալիս նեղուցի երկու կողմում գտնվող երկրներին (հյուսիսում Իրանին և հարավում Օմանին) խաթարել նավագնացությունը։ Ժայռոտ ափագիծը հարմար թաքստոցներ է ապահովում իրանական ճշգրիտ հրթիռների, անօդաչուների և հարվածային նավակների համար։ Դրանք կարող են սպառնալ նավերին՝ կիրառելով «հարվածիր և հեռացիր» մարտավարությունը, որը գրեթե անհնար է վերջնականապես ճնշել։

Իրանը կարող է էժան և անսահմանափակ քանակությամբ նման զինատեսակներ արտադրել, այդ պատճառով իրանական հարձակման սպառնալիքը մշտական ռիսկ է դառնում Հորմուզն անցնող ցանկացած նավի համար։ Անգամ Թեհրանի հետ համաձայնությունը չի կարող լիովին վերացնել այս վտանգը։

Մասնավոր նավագնացության ընկերությունները չեն ցանկանում ռիսկի ենթարկել անձնակազմն ու բեռները։ Հենց սա էլ Իրանին թույլ է տալիս կրճատել նավագնացության ծավալները և չհարձակվել նեղուցով անցնելու փորձ անող ամեն նավի վրա։

Անգամ ԱՄՆ-ի ռազմական աջակցության պարագայում, որն արդեն սպառել է զինամթերքի պաշարներն ու ծանր բեռ դարձել ամերիկյան ռազմածովային ուժերի համար, առանց Իրանի ուղղակի թույլտվության նեղուցով այժմ օրական անցնում է ընդամենը մոտ 5 միլիոն բարել նավթ՝ պատերազմից առաջ եղած շուրջ 20 միլիոնի համեմատ։

Երկարաժամկետ հեռանկարում Հորմուզով նավթի ծածուկ տեղափոխումն ապահովելու՝ ԱՄՆ-ի գործողությունները կապված կլինեն ամերիկացի զինվորականների զոհվելու ռիսկի և հարկատուների համար լրացուցիչ ֆինանսական բեռի հետ։

Ամերիկյան հանրությունը լիովին հիմնավորված կերպով կարող է թերահավատորեն վերաբերվել նեղուցով ազատ անցումը ֆինանսավորելուն այն երկրների համար, որոնք չեն ցանկանում օգնել ԱՄՆ-ին այն բացելու հարցում։ Մանավանդ որ այդ պետությունները կարող են ինքնուրույն վճարել անցման համար՝ տարանցիկ տուրքերի միջոցով։

Ֆինանսական տեսանկյունից տարանցիկ տուրքերը ԱՄՆ-ի և համաշխարհային տնտեսության համար ավելի լավ տարբերակ են, քան նեղուցի տևական մասնակի փակումը։

Թեև համաշխարհային շուկան վերջին շրջանում զարմանալի կայունություն էր ցուցաբերում, պատերազմի թեժ պահին նավթի օրական պակասորդը հասնում էր 14 միլիոն բարելի, ինչը լրջորեն դատարկեց հում նավթի ու վառելիքի համաշխարհային պաշարները։

Աստիճանաբար սպառվեցին այն պահուստները, որոնց շնորհիվ գները դեռ պահվում էին նախապատերազմյան ցուցանիշներին մոտ։ Եթե Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը հանգեցնի նավթի կտրուկ թանկացման, տնտեսական հարվածը կլինի ահռելի․ առաջին հերթին՝ ԱՄՆ-ի համար, որի տնտեսությունը նավթից շատ ավելի մեծ կախվածություն ունի, քան, օրինակ, Ռուսաստանինը կամ Չինաստանինը։

Որքան էլ նեղուցով անցնելու համար վճարներ սահմանելը հարվածի ԱՄՆ-ի ու անձամբ Թրամփի ինքնասիրությանը, անվտանգության վաճառքը կարող է դրդել Իրանին հնարավորինս շատ նավեր բաց թողնել՝ ավելի շատ տուրքեր հավաքելու համար։

Իսկ եթե Թեհրանը սովորի այդ եկամուտներին, ապագայում քաղաքական պատճառներով նեղուցը փակելն իր համար արդեն ցավոտ կլինի։

Իրանն այժմ Օմանի հետ քննարկում է Հորմուզի ապագան։ Նեղուցի համատեղ կառավարումը կարող է խթանել տարածաշրջանային համագործակցությունը և Թեհրանին մղել ավելի զսպված ու պատասխանատու քաղաքականության։

Ի վերջո, սա Իրանին թույլ կտա վերադառնալ միջազգային համայնք։ Ճանաչումն ու դիրքերի ամրապնդումը կարող են նաև հեշտացնել միջուկային ծրագրից հրաժարումը, որն այսօր երկրի համար պարզապես հեղինակության աղբյուր է։

Անցումների համար սահմանված վճարը մեծ ֆինանսական օգուտներ կբերի Իրանին։ Այնուամենայնիվ, անգամ ամենալավատեսական հաշվարկներով, երկրի ստացած եկամուտները չեն ծածկի պատերազմի պատճառած 270 միլիարդ դոլարի հասնող վնասը։

Եթե Թեհրանը տարանցիկ տուրքերից տարեկան 6-14 միլիարդ դոլար էլ ստանա, նրանից մոտ 20 տարի կպահանջվի՝ պատերազմական կորուստները փոխհատուցելու համար։

Այդ ընթացքում շուկան կփոխվի, և Հորմուզի նեղուցի դերը կընկնի․ տարածաշրջանի նավթ արտահանողները շրջանցիկ խողովակաշարեր կկառուցեն, իսկ էլեկտրոմոբիլների անցումը կկրճատի նավթի համաշխարհային պահանջարկը։

Իհարկե, Իրանին նեղուցի վերահսկողություն տալը վատ նախադեպ է։ Դրա արդյունքում մյուս երկրները նույնպես կփորձեն իրենց ձեռքը վերցնել իրենց տարածաշրջանում գտնվող ջրային ուղիները։

Բայց այն, ինչ տեղի կունենա Հորմուզում, ամենայն հավանականությամբ բացառություն կմնա հենց Հորմուզի համար։ Սա եզակի աշխարհագրություն ու նշանակություն ունեցող տարանցիկ ուղի է, որն այլևս ոչ մի տեղ չունի իր նմանը։

Եմենի հութիներն, օրինակ, չեն կարող կրկնել Իրանի սցենարը․ նրանք վերահսկում են Կարմիր ծովի ափամերձ գոտու միայն մի մասը, իսկ նրանց հրթիռներն ու անօդաչուները շատ հեռու են իրանական հնարավորություններից։

2023–2025 թվականներին Կարմիր ծովում հութիների հարձակումները կրճատեցին նավագնացության ծավալները, սակայն բեռնափոխադրումների մեծ մասը միևնույն է շարունակվում էր։ Նրանց հարվածների մեծ մասն այդպես էլ լուրջ վնաս չհասցրեց նավերին։

Բացի այդ, նավագնացության ընկերությունները միշտ էլ կարող էին շրջանցել Բարեհուսո հրվանդանով, թեև դա յուրաքանչյուր նավի վառելիքի ծախսն ավելացնում էր մոտ 1 միլիոն դոլարով։

Մի շարք հայտնի սոցիոլոգների համոզմամբ՝ ցանկացած հարկահավաքություն որոշակիորեն հիշեցնում է «անվտանգության երաշխավորման» անվան տակ իրականացվող ռեկետ։ Պատմությունը ցույց է տալիս, որ ովքեր կարողանում են որևէ տարածքում ապահովել անվտանգություն կամ սպառնալ հետևանքներով, ի վերջո այդտեղ քաղաքական իշխանություն են հաստատում ու սկսում հարկեր գանձել։

Իսկ Իրանն արդեն իսկ ապացուցել է, որ փաստացի լիարժեքորեն վերահսկում է Հորմուզի նեղուցը։

ԱՄՆ-ի համար սա հեռու է իդեալական ելք լինելուց։ Բայց որքան շուտ Վաշինգտոնը հաշվի նստի այս նոր իրականության հետ, այնքան ավելի լավ սպառողների, համաշխարհային տնտեսության ու տարածաշրջանի կայունության համար։

Գուցե Հորմուզի նեղուցում իրանական վերահսկողության երկարատև ամրապնդումը դաս դառնա ԱՄՆ ապագա նախագահների, այդ թվում՝ հենց Թրամփի համար, և ստիպի նրանց հրաժարվել անմիտ ու ռիսկային պատերազմներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *