Իսրայելը նախազգուշացրել է ՀԱՄԱՍ-ին, որ մտադիր է ուժեղացնել Գազայի հատվածի ուղղությամբ իրականացվող հարվածները, քանի որ մտահոգված է այնտեղից արձակվող օդապարիկների և փուչիկների պատճառով։
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ անցած շաբաթավերջին Գազային սահմանամերձ իսրայելական բնակավայրերից մեկում մի քանի օդապարիկ է հայտնաբերվել, որոնց վրա պայթուցիկ նյութեր չեն եղել։
«Այս երևույթին վերջ տալու համար վճռական քայլեր են ձեռնարկվելու», — երկուշաբթի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Մինչ պատերազմի սկսվելը Գազայի տարածքից Իսրայելի ուղղությամբ հաճախ են հրկիզիչ օդապարիկներ ու փուչիկներ արձակվել։
ՀԱՄԱՍ-ի պնդմամբ՝ այդ օդապարիկները պատկանում են «երեխաների, որոնք ավերակների մեջ փորձում են գտնել իրենց անհոգ մանկությունը»։
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրել է նաև նրանում, որ վերջինս օդապարիկները պատրվակ է դարձնում Գազայի ռմբակոծությունը շարունակելու համար՝ խախտելով անցած հոկտեմբերի հրադադարի համաձայնությունը
Ուրբաթ և շաբաթ օրերին Գազայի հատվածի սահմանից մոտ 800 մետր հեռավորության վրա գտնվող Նահալ Օզում չորս օդապարիկ է հայտնաբերվել։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ նախորդ շաբաթ Իսրայելի հարավային այլ շրջաններում ևս նման օդապարիկներ են նկատվել։
Իսրայելական պարբերականները, հղում անելով ռազմական աղբյուրներին, նշում են, որ զինվորականների կարծիքով՝ դրանց արձակման հետևում կարող են կանգնած լինել ՀԱՄԱՍ-ի զինյալները, որոնք, հնարավոր է, փորձել են ստուգել Իսրայելի արձագանքը։
Միևնույն ժամանակ, իսրայելցի զինվորականները հայտնել են, որ օդապարիկներին կասկածելի նյութեր ամրացված չեն եղել, և դրանք վտանգ չեն ներկայացրել։ Այնուամենայնիվ, Կացը նախազգուշացրել է, որ Իսրայելը «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն կպահպանի․ «Օդային փուչիկը դիտարկվում է որպես օդապարիկ, իսկ օդապարիկը՝ որպես անօդաչու թռչող սարք՝ անկախ նրանից, դրա վրա պայթուցիկ կա, թե ոչ», — հայտարարել է նախարարը։
Իր հերթին, ՀԱՄԱՍ-ը նախազգուշացրել է «իսրայելական մեղադրանքների ու սպառնալիքների վտանգի» մասին՝ ընդգծելով, որ այդ օդապարիկները «տեղահանվածների ճամբարների երեխաների սովորական խաղալիքներ են»։
«Այս սպառնալիքները հիմնված են շինծու պատրվակների վրա և նպատակ ունեն արդարացնել մեր ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիան ու խախտումները», — հավելել է շարժման ներկայացուցիչը։
Կիրակի օրը պաղեստինցի բժիշկները հայտնել են, որ Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարի և Ալ-Զավայդա քաղաքի ուղղությամբ իսրայելական երկու հարվածների հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ ևս յոթը։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Մաղազի փախստականների ճամբարից անմիջապես հյուսիս գտնվող Ալ-Զավայդայի շենքերից մեկին հասցված հարվածի հետևանքով զոհվել է չորսամյա Մոհամմեդ Թահան։
Գազայի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ իսրայելական ռազմական գործողությունների սկզբից ի վեր հատվածում զոհվել է ավելի քան 74,420 մարդ, որից 1,288-ը՝ հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։