Պաղեստինյան հարցի կարգավորման առաջընթացն ապահովելու համար անհրաժեշտ է հավատարիմ մնալ չորս հիմնական սկզբունքների։ Պեկինում Հորդանանի թագավոր Աբդալլա II իբն ալ-Հուսեյնի հետ բանակցությունների ընթացքում այս մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, հաղորդում է Սինհուա գործակալությունը։
Չինաստանի առաջնորդի խոսքով՝ առաջնայինը հակամարտության քաղաքական լուծումն է․ «Երկու պետությունների ստեղծումն այս հարցի միակ ճիշտ ուղին է»։
Նա կոչ է արել վերսկսել Պաղեստինի և Իսրայելի միջև ընթացող խաղաղ բանակցությունները՝ հնարավորինս շուտ անկախ Պաղեստին պետություն ստեղծելու նպատակով։
Երկրորդ սկզբունքը «Պաղեստինը կառավարում են պաղեստինցիները» մոտեցումն է, որը պետք է հիմք հանդիսանա Հորդանան գետի Արևմտյան ափի կառավարման և Գազայի հատվածի հետպատերազմյան վերականգնման հարցերում։
ՉԺՀ նախագահի համոզմամբ՝ հենց պաղեստինցիները պետք է վճռորոշ դեր ունենան իրենց տարածքների ապագան որոշելու և կառավարելու գործում։
Երրորդ սկզբունքը մարդասիրական նորմերի պահպանումն է։ Սի Ծինփինն ընդգծել է հումանիտար սկզբունքներին անշեղորեն հետևելու կարևորությունը։
Չինաստանի առաջնորդը նշել է, որ միջազգային հանրությունը, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, պետք է արդյունավետ կատարի իր պարտականությունները․ պաշտպանի խաղաղ բնակչությանը, ապահովի հումանիտար օգնության անխափան մուտքը և վերջ դնի աղետին։
Չորրորդ սկզբունքը արդարության ու օրինականության ապահովումն է։
Սա ենթադրում է միջազգային իրավունքի հարգում, հակամարտության ոչ միայն հետևանքների, այլև խորքային պատճառների վերացում, ինչպես նաև պաղեստինյան հիմնախնդիրը վերջնական, արդար և երկարաժամկետ կարգավորելու համար գործնական քայլերի ձեռնարկում։