Ճապոնիայի կառավարության ղեկավար Սանաե Տակաիչին խոստովանել է, որ իշխանության գագաթին կյանքը երբեմն շատ միայնակ է լինում, գրում է Telegraph-ը։
Խոսելով վարչապետի պաշտոնական նստավայրում երկար աշխատանքային ժամերի մասին՝ Տակաիչին հայտնել է, որ այնտեղ ուրվականների չի հանդիպել, փոխարենը մի անգամ ուտիճ է տեսել։
Վարչապետը չի սպանել միջատին, քանի որ կարծել է, թե այն կարող է «վերածնունդների երկար ցիկլի մի մասը» լինել։
65-ամյա Տակաիչին, որը ներկայացնում է Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, դեկտեմբերին տեղափոխվել է Տոկիոյի կենտրոնում գտնվող պաշտոնական նստավայր։
Տակաիչին հայտնի է նրանով, որ աշխատում է անգամ հանգստյան օրերին և մինչև ուշ գիշեր՝ հաճախ քնելով մի քանի ժամ։
Նմանակելով իր «շատ լավ ընկեր» Դոնալդ Թրամփին և սոցիալական ցանցերով անմիջականորեն շփվելով քաղաքացիների հետ՝ Տակաիչին գրել է․
«Քանի որ արդեն պատմել էի պաշտոնական նստավայրի մասին, որոշեցի պատասխանել նաև այն հարցերին, որոնք ինձ հատկապես հաճախ են տալիս»։
«Արդյո՞ք արդեն հանդիպել եք ուրվականների, որոնք, ըստ լուրերի, հայտնվում են պաշտոնական նստավայրում։ Ես երբեք ուրվականների չեմ հանդիպել, բայց մինչև վերջերս ամեն անգամ ինքս էի ճչում, երբ բախվում էի ուտիճների»։
Վարչապետը պատմել է, որ նույնիսկ նստավայր տեղափոխվելուց հետո մանրակրկիտ սրբում էր ճաշասեղանի տակի հատակը, սննդի մնացորդները դնում էր ամուր, կափարիչով աղբամանի մեջ, իսկ պլաստիկ տարաները խնամքով լվանում ու տեսակավորում։
Այդ պատճառով նա շոկի մեջ էր, երբ մի օր ուտիճը հանկարծ վազեց նրա ոտքերի մոտով։
Սակայն միջատին չսպանելու պատճառը Օսամու Թեզուկայի «Ֆենիքս» մանգայի հանդեպ նրա սերն է, որը նա կարդում է դեռ մանկուց։ Թեզուկայի ստեղծագործության մեջ առանցքային է վերամարմնավորման գաղափարը՝ այն, որ «կյանքը միավորված է մեկ ամբողջության մեջ և փոխում է իր ձևերը»։ Տակաիչիի խոսքով՝ այս գաղափարը հսկայական ազդեցություն է ունեցել իր վրա դեռ վաղ տարիքից։
«Հավանաբար հենց դրա համար էլ նույնիսկ հիմա՝ հասուն տարիքում, չեմ կարողանում ինձ ստիպել սպանել միջատներին, այդ թվում՝ ուտիճներին», — խոստովանել է վարչապետը։ Նստավայրում վազվզող ուտիճին տեսնելիս նա սկսել է մտածել․ «Հնարավոր է, որ այս կյանքն էլ այդ երկար վերածնունդների ցիկլի մի մասն է»։
Որոշ ժամանակ Տակաիչին համբերությամբ էր վերաբերվում միջատի ներկայությանը՝ հույս ունենալով, որ այն ինքնուրույն կհեռանա նստավայրից։ Սակայն, երբ նա խնդրի մասին հայտնել է քարտուղարներին, նրանք սարսափել են։ «Սա հակահիգիենիկ է։ Ես կզբաղվեմ դրանով», — վճռականորեն հայտարարել է աշխատակիցներից մեկը և կազմակերպել ուտիճների ոչնչացման գործողություն։
Դրանից հետո ուտիճներն այլևս չեն երևացել։ «Թեթևություն զգացի, բայց միաժամանակ՝ նաև որոշակի կարոտ կամ գուցե տխրություն», — պատմել է վարչապետը։
Հուլիսին նա X-ում ուրախությամբ հայտնել էր, որ վերջապես կարողացել է «երկար ընդմիջումից հետո առաջին անգամ հինգ ժամ քնել»։ Պաշտոնը ստանձնելուց հետո նրա համար սովորական էր դարձել գիշերային 0-ից 3 ժամվա քունը։
Տակաիչիի հրապարակումները հայտնվել են այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, թե նա իբր խուսափում է խորհրդարանի նիստերից՝ նախընտրելով ժամանակի մեծ մասն անցկացնել անձնական նստավայրում։ Nikkei թերթի տվյալներով՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր Տակաիչին իր նստավայրում է անցկացրել հանգստյան և պետական տոն օրերի ավելի քան կեսը։ Bloomberg-ը նույնպես հաշվարկել է, որ նա կաբինետի ավելի քիչ նիստեր է անցկացրել, քան Ճապոնիայի ցանկացած այլ վարչապետ (2012 թվականից ի վեր)։