Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են Փարիզի մոտակայքում 6 միլիարդ եվրո արժողությամբ թեմատիկ զվարճանքի այգի կառուցել։ Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի՝ Փարիզ կատարած այցի ընթացքում։
Այգին նվիրված կլինի ճապոնական հանրահայտ Dragon Ball Z մանգայի ու անիմեի աշխարհին։ Այն կառուցվելու է Փարիզից հյուսիս-արևմուտք գտնվող Սերժի-Պոնտուազ շրջանում։ Ելիսեյան պալատից հայտնել են, որ նախագիծը շուրջ 22 հազար աշխատատեղ կստեղծի։
Reuters-ի փոխանցմամբ՝ նախագծի գաղափարը ծագել է 2025 թվականին Էմանուել Մակրոնի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ, երբ երկու ղեկավարները բացահայտել են Dragon Ball Z-ի նկատմամբ իրենց ընդհանուր սերը։
Շինարարությունը կֆինանսավորի սաուդական Qiddiya ներդրումային խումբը։ Նախագիծը Սաուդյան Արաբիայի լայնածավալ ռազմավարության մասն է, որի նպատակն է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, նվազեցնել նավթից ունեցած կախվածությունը և ընդլայնել համաշխարհային զվարճանքի շուկայում իր ներկայությունը։
Այգու բացման ամսաթիվը դեռ հայտնի չէ․ Եվրոպայի խոշորագույն թեմատիկ այգիներից մեկի կառուցումը կարող է տևել մի քանի տարի։
Մուհամմեդ բին Սալմանը, որը Փարիզի մոտակայքում ամրոց ունի, Ֆրանսիա է ժամանել հազվադեպ պաշտոնական այցով։ Կիրակի օրը նա Մակրոնի հետ մասնակցել է Փարիզում կայացած կիբերսպորտի աշխարհի գավաթի փակման արարողությանը։
Ֆրանսիայի իշխանությունները Dragon Ball Z նախագիծը ներկայացնում են որպես ապացույց, որ Ֆրանսիան շարունակում է գրավիչ մնալ օտարերկրյա ներդրումների համար։
Այնուամենայնիվ, այս խոշոր համալիրի առանցքային մանրամասները դեռ պետք է համաձայնեցվեն։ Ենթադրվում է, որ այն ներառելու է երեք առանձին թեմատիկ այգի։