Սփյուռքի հզորացումը Հայաստանի թուլացման հետ կապելը խորապես բաժանարար մի մոտեցում է․ «Եվրոպացիները հանուն Արցախի»

Սփյուռքի հզորացումը Հայաստանի թուլացման հետ կապելը ոչ միայն վտանգավոր սխալ ընկալում է, այլև խորապես բաժանարար մի մոտեցում։ Այս մասին սված է «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության հայտարարության մեջ, որը տարածել է ՀՅԴ–ն։

 «Մենք՝ «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության անունից, խոր մտահոգությամբ և վճռականորեն դատապարտում ենք ՀՀ Ազգային ժողովի իշխող ուժի պատգամավորի վերջին հայտարարությունները՝ ուղղված Հայկական Սփյուռքին և համահայկական շահերը պաշտպանող կառույցներին։

Սփյուռքի հզորացումը Հայաստանի թուլացման հետ կապելը ոչ միայն վտանգավոր սխալ ընկալում է, այլև խորապես բաժանարար մի մոտեցում, որը փորձում է հակադրել հայ ժողովրդի երկու անբաժանելի բաղադրիչները։

Նույնքան անընդունելի է համահայկական շահերը պաշտպանող կառույցների աշխատանքը ներկայացնել որպես Հայաստանի պետական շահերին հակասող երևույթ։ Տասնամյակներ շարունակ նրանց աշխատանքը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից մինչև Արցախի հայության իրավունքների պաշտպանությունը, իրականացվել է ի նպաստ հայ ժողովրդի արժանապատվության, իրավունքների և համազգային շահերի։

Առանձնահատուկ մտահոգիչ և դատապարտելի է նաև այսօրվա իշխանությունների որդեգրած վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ, որը դրսևորում է վտանգավոր խուսափողականություն և նսեմացնում է հայ ժողովրդի պատմական հիշողության ու արդարության պահանջի կարևորությունը։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման պայքարը սակարկության ենթակա քաղաքական հարց չէ, այլ հայ ժողովրդի պատմական հիշողության, արժանապատվության և իրավունքների անբաժանելի մասն է։

Այսօր, երբ Արցախի հայությունը ենթարկվել է բռնի տեղահանման, իսկ Արցախի հայկական ժառանգությունը գտնվում է լուրջ վտանգի տակ, մենք Հայաստանի պետական ներկայացուցիչներից ոչ թե Սփյուռքի դեմ ուղղված հարձակումներ էինք ակնկալում, այլ համազգային համերաշխություն և Արցախի հարցի արդար լուծման ուղղությամբ միասնական ջանքեր։

Մենք մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար։ Ուժեղ Հայաստանը և ուժեղ Սփյուռքը հակասություն չեն, այլ նույն ազգային ուժի երկու փոխլրացնող հենասյուներ։

Եվրոպական երկրներում ապրող հայ քաղաքացիներս և Հայաստանի բարեկամ մեր եվրոպացի գործընկերները պիտի շարունակենք (կամ՝ շարունակելու ենք) պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները, Արցախի հայության վերադարձի իրավունքը, հայկական մշակութային ժառանգության պահպանությունը և համահայկական շահերը պաշտպանող կառույցների արդար պահանջները։

Ոչ մի պաշտոնական հայտարարություն չի կարող մեզ ստիպել հրաժարվել մեր պատմական հիշողությունից, ազգային իրավունքների պաշտպանությունից կամ Արցախի նկատմամբ մեր պատասխանատվությունից։

Հայաստանի և Սփյուռքի ուժը մեկ ամբողջության ուժն է։

Կարեն Արևյան – Անգլիա

Մուրադ Փափազյան – Ֆրանսիա

Կարեն Թադևոսյան – Բելգիա

Նուբար Վարդանյան – Հոլանդիա

Ջոնաթան Շպանգենբերգ – Գերմանիա

Սիմոն Տեր-Սահակյան – Շվեդիա

Նազար Ավագյան – Հունաստան

Վահան Այնեջյան – Կիպրոս

Սահակ Չալըքյան – Բուլղարիա

Ալեքսանդր Սարգսյան – Չեխիա

Բայքար Սվազլյան – Իտալիա

Զարեհ Նազարյան – Ռումինիա

Արարատ Ղուկասյան – Իսպանիա»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *