Քննարկվում է Իրինա Յոլյանի թեկնածությունն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում


Քաղաքականություն


«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց պատգամավոր Իրինա Յոլյանի թեկնածությունը։

Իր ելույթի ժամանակ Իրինա Յոլյանը հայտարարեց, որ հանձնաժողովի աշխատանքը պետք է միտված լինի արժեք ստեղծելուն:

Անդրադառնալով ոլորտային խնդիրներին՝ Յոլյանը հայտարարեց, որ առաջնային անհրաժեշտության օղակը պետք է լինի պղնձաձուլարանի կառուցումը, որի դեպքում երկրի ընդերքից ստացված խտանյութը կվերամշակվի Հայաստանում՝ առավել մեծ օգուտ բերելով երկրին: 

Ըստ Իրինա Յոլյանի՝ երկրի կարևոր ուղղություններից պետք է լինի նաև կանաչ տնտեսության և արևային էներգետիկայի զարգացումը համայնքներում. «Հայաստանն ունի արևային էներգիայի հսկայական պոտենցիալ: Մենք պետք է խրախուսենք, որ մեր համայնքները, համայնքային ենթակառուցվածքները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, փողոցային լուսավորություն, ջրամատակարարում, անցնեն արևային և էներգախնայող համակարգերի: Սա ոչ միայն կնվազեցնի համայնքային բյուջեների ծախսերը, այլև կբարձրացնի մեր համայնքների էներգետիկ անկախությունն ու դիմակայունությունը»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ օգոստոսի 20-ի նիստին փակ քվեարկության արդյունքում ընտրվեցին ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 9-ի նախագահները, որոնցից 8-ը ներկայացնում էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած 3 թեկնածուները չէին ընտրվել առաջադրված պաշտոններում:

Այսօր՝ օգոստոսի, 26-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ էր ընտրվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը, իսկ օգոստոսի 21-ին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը ընտրվել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ուժեղ Հայաստան» խմբակցության մյուս թեկնածուն առաջադրված պաշտոնում Իրինա Յոլյանն էր:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *