Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է որպես նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի պատճառ

Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։

Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։

Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։

Ֆրանսիայի հարավ-արևմտյան Բայոն քաղաքի դատարանը ճանաչել է, որ նրա աշխատանքային պայմանները ներառում են քաղցկեղածին երեք պոտենցիալ գործոն՝ տիեզերական ճառագայթում, պասիվ ծխել և երկարատև գիշերային աշխատանք։ Ի դեպ, Air France-ի ինքնաթիռներում ծխելն արգելվել է միայն 2000 թվականին։

Դատարանն ընդգծել է տիեզերական ճառագայթման առանձնահատուկ դերը մեծ բարձրության վրա երկարատև թռիչքների ընթացքում։ Այս երթուղիներում անձնակազմերը ստանում են ճառագայթման բարձր դոզա, իսկ Հյուսիսային բևեռին մոտ թռիչքների ժամանակ ազդեցությունն ավելի ուժեղ է, քանի որ Երկրի մագնիսական դաշտն այդ հատվածներում թույլ է պաշտպանում տիեզերական մասնիկներից։

Դատական որոշումը Լենոյին թույլ կտա ավելի վաղ անցնել թոշակի, իսկ քաղցկեղի հետագա բուժումն ամբողջությամբ կհոգա Ֆրանսիայի առողջապահական համակարգը։ Նրա փաստաբան Էլիզաբետ Լերուի խոսքով՝ սա Ֆրանսիայում առաջին նախադեպն է, երբ բորտուղեկցորդուհու դեպքում կապ է հայտնաբերվել կրծքագեղձի քաղցկեղի և մասնագիտական ռիսկերի միջև։

«Շատ եմ ուզում, որ այս որոշումն օգնի մյուս կանանց, ովքեր մինչ այժմ չէին համարձակվում դիմել այս քայլին», — հայտարարել է Լենոն։

Օգոստոսին հրապարակված Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտությունը ցույց է տվել, որ ավելի քան 500 մասնագիտությունների շարքում հենց օդաչուների և բորտուղեկցորդների մոտ է արձանագրվել ճառագայթման հետ կապված ուռուցքաբանական հիվանդություններից մահերի ամենաբարձր տոկոսը։ Այդ հիվանդությունները կազմել են բորտուղեկցորդների մահերի 6,9%-ը և օդաչուների մահերի 6,7%-ը։

Միևնույն ժամանակ, մասնագետները շեշտում են, որ գործնականում անհնար է հաստատել, թե արդյոք տիեզերական ճառագայթումն է դարձել կոնկրետ մարդու քաղցկեղի պատճառը։

Պորտսմութի համալսարանի բնապահպանական գիտությունների պրոֆեսոր Ջիմ Սմիթը նշել է, որ ճառագայթային անվտանգության հանձնարարականները հիմնված են այն կանխավարկածի վրա, որ նույնիսկ փոքր դոզաները կարող են բարձրացնել քաղցկեղի ռիսկը, թեև ցածր ազդեցության դեպքում այդ ռիսկը մնում է չնչին։

Air France-ը հայտարարել է, որ չի մասնակցել դատական քննությանը և դեռ չի ծանոթացել դատարանի որոշման հիմնավորմանը։ Ընկերությունում ընդգծել են, որ աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունն իրենց համար «բացարձակ առաջնահերթություն» են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *