18-ամյա Քարսոն Փիթերս-Բերգերը չորեքշաբթի օրն իրեն մեղավոր է ճանաչել 10-ամյա զարմուհու՝ Լիլի Փիթերսի դիտավորյալ սպանության մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
2022 թվականի ապրիլի 24-ին Վիսկոնսին նահանգի Չիպեվա Ֆոլս քաղաքում Լիլին հեծանվով տուն էր վերադառնում մորաքրոջ տնից։ Փիթերս-Բերգերը համոզել էր աղջկան շեղվել ճանապարհից ու միասին գնալ մոտակա անտառ։ Աղջկա մարմինը գտել էին հաջորդ օրը։ Դատաբժշկական փորձաքննությունը պարզել էր, որ նրան ծեծել են, խեղդել և ենթարկել սեռական բռնության։
Սպանության պահին Փիթերս-Բերգերը ընդամենը 14 տարեկան էր։ Նրան ձերբակալել էին Լիլիի մարմինը հայտնաբերելու հաջորդ իսկ օրը։
Չիպեվա շրջանի դատավոր Ստիվեն Գիբսը ընդունել է դեռահասի մեղքի ճանաչումը և նշանակել ցմահ ազատազրկում։ Մեղադրանքի հետ գործարքի շրջանակում հանվել են մյուս երկու հոդվածները՝ ծանր մարմնական վնասվածքներով ուղեկցված սեռական բռնությունը և 13 տարեկանից փոքր երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունը։
Փիթերս-Բերգերի փաստաբաններ Մայքլ Քոենն ու Ալիսիա Լինցմայերն ավելի վաղ փորձում էին գործը տեղափոխել անչափահասների դատարան։
Նրանք պնդում էին, որ մեծահասակների արդարադատության համակարգում մեղադրյալը չի ստանա անհրաժեշտ հոգեբանական աջակցությունը։ Սակայն դատավորը մերժել էր միջնորդությունը՝ հանցագործությունը համարելով չափազանց ծանր։ Նահանգի վերաքննիչ դատարանը նույնպես անփոփոխ էր թողել այս որոշումը։