ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնյաները հայտնաբերել են գաղտնի փաստաթղթեր, որոնք, ենթադրաբար, դիտավորյալ թաքցվել են և վերաբերում են 2021 թվականին Աֆղանստանից ԱՄՆ զորքի դուրսբերմանը․ հայտարարել է Պենտագոնի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ստեղծած հանձնաժողովը հետաքննում է Աֆղանստանից զորքերի դուրսբերման ընթացքում ամերիկացի զինծառայողների մահվան հանգամանքները և նաև պարզում է մեղավորներին։
«Մենք համապարփակ հետաքննություն ենք անցկացնում Աֆղանստանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Մենք հայտնաբերել ենք այնպիսի տեղեկատվություն, որը չէինք սպասում գտնել», – նշել է Փարնելը X սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում:
Ըստ նրա՝ իր թիմը վերջերս հայտնաբերել է խիստ զգայուն գաղտնի փաստաթղթեր:
«Նյութերը, որոնք պետք է հրապարակվեին, թաքցվել են սեյֆերում՝ բացահայտումից խուսափելու համար։ Այս փաստաթղթերը վերանայելուց հետո պարզ է դառնում, թե ինչու են դրանք թաքցվել», – ընդգծել է Պենտագոնի խոսնակը:
Փարնելը չի մանրամասնել, թե փաստաթղթերում կոնկրետ ինչ հարցեր են բարձրացված։ Նա նշել է, որ տեղեկատվությունը կհրապարակվի հետաքննությունից հետո։