ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը (ICE) ծրագրում է մինչև 2 մլն դոլար ծախսել ռոբոտացված «շների» վրա՝ գերատեսչության աշխատակիցներին գործողությունների ընթացքում օգնելու համար, բխում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության (DHS) փաստաթղթից, հայտնում է The Hill-ը.
Հինգշաբթի հրապարակված փաստաթղթի համաձայն, ICE-ը կարող է 1 մլն-ից մինչև 2 մլն դոլար հատկացնել Boston Dynamics-ի արտադրած Spot ռոբոտների և հարակից սարքավորումների ձեռքբերման համար։
DHS-ի ներկայացուցիչը հաստատել է ծրագրերը NBC News-ին և ընդգծել, որ ռոբոտները չեն օգտագործվի մարդկանց ձերբակալելու համար։
Spot ռոբոտները հագեցած են տեսախցիկներով և սենսորներով, որոնք կարող են հայտնաբերել թրթռումներ, գազեր և ճառագայթում։ DHS-ում ակնկալում են դրանք կիրառել տարածքների զննման, իրավիճակի գնահատման և վտանգների հայտնաբերման համար այն վայրերում, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել աշխատակիցների համար։
Գերատեսչությունը հայտարարել է, որ նման տեխնիկան թույլ կտա բարձրացնել գործակալների անվտանգությունը, օգնել նրանց որոշումներ ընդունել բարդ իրավիճակներում և աշխատել վտանգավոր, փակ, անկայուն կամ դժվարամատչելի տարածքներում։
Boston Dynamics-ի ռոբոտներն արդեն օգտագործվում են ամերիկյան մի շարք իրավապահ մարմիններում, այդ թվում՝ Լոս Անջելեսի և Նյու Յորքի ոստիկանության վարչություններում։ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը նույնպես 2024 թվականին ռոբոտացված շներ էր կիրառել Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո նստավայրի պահպանության համար։
Boston Dynamics-ը էթիկայի վերաբերյալ իր հայտարարության մեջ ընդգծում է, որ թույլ չի տալիս իր ռոբոտներն օգտագործել որպես զենք կամ ինքնավար թիրախավորման համակարգեր։ Ընկերությունը նաև հայտարարում է, որ մտադիր է միջոցներ ձեռնարկել դրանց վնասակար կիրառումը կանխելու համար։
ICE-ի ծրագրերը հայտնվել են գերատեսչության մեկ այլ հակասական որոշումից կարճ ժամանակ անց՝ ներգաղթային գործողություններին մասնակցող աշխատակիցների համար մինչև 20 մլն դոլարի էլեկտրաշոկային ձեռնոցներ ձեռք բերելու վերաբերյալ։ Սպիտակ տան սահմանային հարցերով պատասխանատու Թոմ Հոմանը պաշտպանել էր այս նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ նման սարքավորումը որոշ իրավիճակներում գործակալներին թույլ կտա չդիմել մահաբեր ուժի կիրառման։
Հինգշաբթի դեմոկրատ սենատորների մի խումբ կոչ է արել ICE-ի տնօրենի պաշտոնակատար Դևիդ Վենտուրելային չեղարկել ձեռնոցների գնման պայմանագիրը և միջոցներն ուղղել աշխատակիցների՝ լարվածության թուլացման մեթոդների ուսուցմանը, ինչպես նաև գերատեսչության գործողությունների նկատմամբ վերահսկողության գործիքներին ու մեխանիզմներին։