Մոսկվայի մետրոյում մի քանի ժամ տևած շուրջկալի ընթացքում ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են մոտ 140 օտարերկրյա քաղաքացու, որոնք Ռուսաստանում գտնվել են միգրացիոն օրենսդրության խախտմամբ։ Բոլոր ձերբակալվածների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ, որից հետո նախատեսվում է նրանց արտաքսել երկրից, հայտնել է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով գերատեսչության միգրացիոն ծառայությանը։
Գործողության ընթացքում իրավապահները կիրառել են հատուկ համակարգ, որը նախատեսված է միգրացիոն օրենսդրությունը խախտողների բացահայտման համար։ ՆԳՆ-ում նշել են, որ նմանատիպ տեխնոլոգիաներ արդեն կիրառվում են մետրոյում, օդանավակայաններում, գետային նավահանգիստներում, երկաթուղային կայարաններում և այլ օբյեկտներում։
«Մոսկվայի մետրոպոլիտենի տարածքում անցկացված փորձը ցույց տվեց իր արդյունավետությունը», — նշվել է միգրացիոն ծառայության հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում հավելել են, որ նման շուրջկալները կանցկացվեն կանոնավոր հիմունքներով, այդ թվում՝ Ռուսաստանի այլ տարածաշրջաններում։