Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը կանխել են երկրի տարածք զինված խմբի ներթափանցման փորձը Պակիստանի հետ սահմանին՝ Սիստան և Բելուջիստան նահանգում։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ՝ Իրանի հարավ-արևելքում տեղակայված «Քուդս» բազան, փոխանցել է Mehr-ը։
Զինվորականների տվյալներով՝ գործողության ընթացքում խմբի անդամներից մեկը սպանվել է, ևս վեցը՝ ձերբակալվել։ Նրանցից առգրավել են մեծ քանակությամբ զենք, այդ թվում՝ 20 պայթուցիկ սարք, ինչպես նաև կապի միջոցներ։
ԻՀՊԿ-ում հայտարարել են, որ խումբը, իբր, մտադիր էր նահանգի տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնել։ Իրանցի զինվորականների հայտարարության համաձայն՝ զինյալների գործողությունները համապատասխանում էին Իսրայելի և ԱՄՆ նպատակներին։